«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում տեղի է ունեցել Արցախում առաջին անգամ անցկացվող «Բրուտ Արտ» կավագործության սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին կավագործներ Արցախից և ՀՀ-ից։
Երեխաները կավե արձանների միջոցով ներկայացրել են Շուշիի պատմությունն ու կավագործության սկզբնավորումը։
15 օր շարունակ կավագործներն աշխատելու են միությունում և օրվա երկրորդ կեսին անցկացնելու են վարպետության դասեր։ Աշխատանքներից մեկի հիմնական թեման Շուշին է, իսկ մնացած գործերի թեմաներն ազատ են:
Աշխատանքները, որոնք կստեղծվեն կավագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում, մասնակիցներին արտահայտվելու ավելի լայն հնարավորություններ կտան հատկապես քանդակագործության ոլորտում։ Ընտրված աշխատանքները երկարաժամկետ կցուցադրվեն Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում։