Մարտի 6-30-ը Հունաստանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) կողմից ռազմածովային զորավարժությունների անցկացմանն ի պատասխան՝ Թուրքիայի ռազմածովային ուժերը ևս սկսել են իրենց զորավարժությունները: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի ՌԾՈւ զորավարժությունները սկսվել են մարտի 7-ից և կտևեն մինչև ապրիլի 30-ը:
Զորավարժություններին մասնակցող նավերի քանակի մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հունաստանը մեկնարկել է Էգեյան ծովում ռազմածովային զորավարժությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով այդ տեղեկությունները, հաստատել էր, որ Էգեյան ծովում բախվել էին թուրքական և հունական ափային պահակախմբերը: Նրա խոսքով՝ դեպքը խնդիրներ չէր առաջացրել: Էրդողանը տեղի ունեցածի համար մեղադրել էր հունական կողմին՝ ասելով, որ «հույները շփոթվել էին»: