ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Իսրայելը Պաղեստինին մեղադրել է բանակցություններ վարելուց խուսափելու համար, ինչպես նաև մերժել Երուսաղեմի հնարավոր բաժանումը:
Ինչպես հայտնել է համաշխարհային կազմակերպությունում հրեական պետության մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը, հնագույն քաղաքը կմնա Իսրայելի անքակտելի մայրաքաղաքը, հաղորդում է ТАСС-ը:
Դիվանագետը խոսքի իրավունք է վերցրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ելույթից անմիջապես հետո, ով պատրաստակամություն է հայտնել ուղիղ բանակցություններ վարել Իսրայելի հետ, սակայն մի շարք պայմաններ է առաջ քաշել, այդ թվում՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմի ճանաչումը: Դրանից հետո Աբասը լքել է նիստերի դահլիճը՝ չլսելով Դանոնի խոսքը:
Իսրայելցի դիվանագետը Պաղեստինին մեղադրել է ահաբեկիչներին սատարելու համար: Նրա խոսքով՝ 2017թ. Պաղեստինի իշխանությունները 345 միլիոն դոլար են վճարել ահաբեկիչներին անմեղ իսրայելցիներին սպանելու համար: