10 լավագույնները՝ մեկ գրքում. տեղի ունեցավ Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը փոքրիկներին ներկայացրել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպեր», «Մի կաթիլ մեղրը», «Անհաղթ աքլորը», «Ուլիկը», «Ծիտը», «Խոսող ձուկը», «Տերնու ծառան». գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912 թթ., առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: «Այս տարի նշվում է Թումանյանի ծննդյան 149-ամյակը, մենք էլ բազում ծրագրերով հաջորդ տարի պատրաստվում ենք մեծանուն գրողի 150-ամյակին: Այս ժողովածուն ներառում է այն հեքիաթները, որոնք հրատարակվել են 100 տարի առաջ: Մենք որոշեցինք թարմացնել առկա նկարազարդումները և գիրքը հանձնել ընթերցողների դատին»,- շնորհանդեսի ընթացքում նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր- նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Մանկագիր, գրող, թումանյանասեր Լիպարիտ Սարգսյանը շնորհանդեսի ընթացքում ընդգծել է՝ Թումանյանը մեծ դաստիարակ է, իր ստեղծագործություններով կրթելէ բազում սերունդներ: Մեծ գրողն իր ցանկացած ստեղծագործության՝ այդ թվում փոքրիկ հեքիաթի մեջ շատ խորը իմաստ է ներդրել: Ըստ Լիպարիտ Սարգսյանի՝ Ամենայն հայոց բանաստեղծը նաև գրքասեր էր, հարուստ գրադարան ուներ, որը համալրում էր տարաբնույթ գրքերով: «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսի ընթացքում փոքրիկ ընթերցասերները դիտել են թումանյանական հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր: Արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում: |