Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով, դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով դու՝ ուրիշի:
1919 թվականի հունվարի 20-ին Երևանում, Վանից գաղթածի ընտանիքում ծնվել է հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը: Նա սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։
Կապուտիկյանի ստեղծագոտծության մեջ մեծ տեղ է գրավել հայրենիքի թեման, նա գրել է նաև հայոց լեզվի և հայ ժողովրդի ճակատագրի մասին: Նրա ժողովածուներից են «Երկու զրույց» 1944, այնուհետև 1945-ին «Օրերի հետ», 1947-ին «Զանգվի ափին», 1949-ին «Այս իմ երկիրն է», 1951-ին «Իմ հարազատները» (1952-ին ռուս.հրտ. «Սրտաբաց զրույց», ԽՍՀՄ պետական մրցանակ):
Կապուտիկյանի ստեղծագործության հիմնական թեմաներից է սերը. նրա քնարերգությունը սիրո հոգեբանության յուրօրինակ արտահայտություններից է հայ պոեզիայում:
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 99-րդ տարեդարձին՝ այսօր Կոմիտասի անվան պանթեոնում կխնկարկվի բանաստեղծուհու հիշատակը:
Միջոցառումն այնուհետև կշարունակվի Կապուտիկյանի տուն-թանգարանում. կբացվի «Վանա օժիտի մասունքներ» ցուցահանդեսը, թատերական ներկայացմամբ հանդես կգա Փոքր Վեդիի Ա8+ խումբը, կհնչի ասմունք, ժամանակակիցները հուշեր կպատմեն:
Լուսանկարները՝ 2017թ., Կոմիտասի անվան պանթեոն, Սիլվա Կապուտիկյանի շիրմի առջև։