Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման էր դատապարտել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին: Կիևի իշխանություններն, ի տարբերություն Սաակաշվիլիի, ով իր նկատմամբ կայացված դատավճիռն «օրենքին և առողջ դատողությանը» հակասող էր համարել, այդ նորությունը լավատեսությամբ էին ընդունել, քանի որ այժմ դա հնարավորություն է տալիս քաղաքական գործչին արտահանձնել Վրաստանին:
Ծառայողական լիազորությունների չարաշահման համար Սաակաշվիլիի դեմ կայացված 3 տարվա ազատազրկման վճիռը Վրաստանում մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ չափազանց մեղմ և անարդար են համարում:
«Անհրաժեշտ էր այդ գործը քննել հանցավոր համակարգի ստեղծման համատեքստում, որը նման հանցագործություններ թույլ տվեց, այլ ոչ թե դատապարտել նրան ներման համար, որը բարոյական և ոչ թե քրեական հանցագործություն է»,- կարծում է «Միասնական Վրաստան՝ ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
Կայացված վճիռը համապատասխանում է Վրաստանի իշխանությունների ներկայիս դիրքորոշմանը, որոնք չեն թաքցնում, որ Սաակաշվիլիի արտահանձնումը երկրում հավելյալ խնդիրներ կստեղծեր: