«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»,- ասել է Ավետիք Իսահակյանը: Հայ մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյանն էլ այսպես է բնութագրել նրան. «Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է»:
Այսօր` դեկտեմբերի 14-ին է ծնվել օպերային արվեստի մեծագույն վարպետ Գոհար Գասպարյանն, ում նաև անվանել են «հայկական սոխակ»: Նա 1949-ից եղել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
«Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարն՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՜ իրեն, և՜ իր ժողովրդին»,- ասել է Մարտիրոս Սարյանը: