Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև ուղիղ երկխոսություն կա, որը դեռևս լուրջ առաջընթաց չի գրանցում: Այս մասին ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի արդյունքների համաձայն հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Այն փաստը, որ այդ երկխոսությունը կայացավ այս տարի նախագահների և բազմիցս արտաքին գործերի նախարարների մակարդակով, դրական է գնահատվում: Կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքները, որում կոլեկտիվ մոտեցում ունեն համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Այս նստաշրջանի ժամանակ ևս մեկ անգամ հաստատեցինք այդ մոտեցումը, որն իր մեջ է ներառում հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, սակայն դեռևս գործնական քայլերի լեզվի չեն անցել: Բարդ գործընթաց է, սակայն մենք շարունակում ենք աշխատանքներն»,- ասել է Լավրովը: