Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել է հերթական՝ այսպես կոչված «դրախտային կղզիների փաստաթղթերը», որոնք բացահայտում են համաշխարհային էլիտայի օֆշորային համակարգերը, գրում է Bild-ը:
Փաստաթղթերում հիշատակվում են 120 քաղաքական գործչի, մարզիկների՝ 50 երկրից , շոու-բիզնեսի ներկայացուցիչների անուններ:
ICIJ-ի հետաքննող լրագրողների տեղեկություններով՝ խոսքը միլիոնավոր փաստաթղթերի մասին է, որոնք վերաբերում են Բերմուդյան կղզիների իրավաբանական ընկերություններից մեկի և Սինգապուրի ևս մեկ ընկերության «փոստարկղերին»:
Գաղտնազերծված տվյալներում հիշատակվում են Սպիտակ տան ղեկավարի վարչակազմի անդամների անունները, ովքեր նվիրաբերել են իրենց խոշոր գումարները: Փաստաթղթերում նաև տեղեկություններ կան համաշխարհային մի շարք կազմակերպությունների օֆշորների մասին:
Փաստաթղթերում նշվում են նաև գերմանացի գործարարների, միլիարդատերերի անուններ: Օրինակ՝ Siemens-ն ու Deutsche Post-ը:
Համաշխարհային ԶԼՄ-ները հատուկ ուշադրություն են հատկացում ԱՄՆ-ի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսին, ով, ըստ բացահայտումների, գործարք է կնքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ շրջապատի մարդկանց պատկանող ընկերության հետ:
Վերոնշյալ փաստաթղթերում հիշատակվում է նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի անունը, ով 10 միլիոն ֆունտ է ներդրել օֆշորներում, մասնավորապես, Կայմանյան և Բերմունդյան կղզիներում, հաղորդում է ВВС-ն:
Անմասն չեն մնացել նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները. բացահայտված փաստաթղթերում հիշատակվում են երգչուհի Մադոննայի, U2 խմբի մեներգիչ Բոնոյի, ինչպես նաև դերասանուհի Քիրա Նայթլիի անունները, գրում է Daily News-ը:
Նշվում է, որ Բոնոն, ում իսկական անունը Փոլ Հյուսոն է, Լիտվայում առևտրային կենտրոնի սեփականատեր է և Մալթայի ընկերության միջոցով այդ կենտրոնում ներդրումներ է կատարել, Մադոննան ներդրումներ է կատարել բժշկական կենտրոնում, իսկ Քիրա Նայթլին՝ անշարժ գույքի ընկերությունում: