Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները հոկտեմբերի 23-ին ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում ներկայացրին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Լեփ-լեցուն դահլիճը մեծ խանդավառությամբ ընդունեց ներկայացումը: Աբովյան քաղաքի տարեդարձի առթիվ համայնքի ղեկավարությունն աբովյանցիներին նվեր էր արել այս ներկայացումն՝ ապահովելով ազատ մուտքի հնարավորություն:
Այս ներկայացումն Օպերային թատրոնի վերջին «մշակութային կանգառն» էր: «Անուշ» օպերան այս տարվա փետրվարից ներկայացվել է Մեծամորում, Գորիսում, Շուշիում, Ջերմուկում և Աբովյանում:
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է 2017թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում ՀՀ և ԼՂՀ 98 համայնքում մինչև տարեվերջ կիրականացվի ավելի քան 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: Տեղեկացնում է
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժինը: