Հաշմանդամության 3-րդ խմբի ներկայացուցիչները մոտ ապագայում այլևս հնարավորություն չեն ունենա պետպատվերով, այսինքն՝ անվճար բուժօգնություն ստանալ: Այս մասին չեն հերքում նաև Առողջապահության նախարարությունում:
Խնդրի վերաբերյալ իր ուրույն կարծիքն ունի «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Հաշմանդամների խնդիրը կարելի է շատ հեշտ լուծել, եթե բոլոր հաշմանդամներին գնդակահարեն, որովհետև չեմ հասկանում` մեր պետությունը զարգանո՞ւմ է, թե՞ հետընթաց է ապրում: Ես մի բան գիտեմ, եթե պետությունը զարգանում է, ապա մարդիկ առողջապահական տեսանկյունից իրենց ավելի վստահ, ապահով պետք է զգան: Եթե այսօր պետությունը 100 հոգու առողջապահական ծախսերն է կարողանում ապահովել, ապա մյուս օրը պետք է գոնե 110-ինն ապահովի, որպեսզի մտածենք, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տարեցտարի, մինչդեռ, փաստորեն, հակառակ պրոցեսն է տեղի ունեում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր առողջապահության ոլորտում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է բարձրացնել և լուծում տալ, իսկ այսպիսի առաջարկներն օրակարգ բերելն անլուրջ է: