«Պարոն Սիմոնյան, չեք կարծո՞ւմ, որ արդեն Ձեր հեռանալու ժամանակն է` համալսարանի կառավարումը ստեղծարար երիտասարդներին փոխանցելու համար: Վստահ եմ, որ համաձայն կլինեք, որ պաշտոնի հավերժացումն արատավոր պրակտիկա է: Գնացեք, զբաղվեք առաջին հանրապետության պատմությամբ: Դա Ձեզ մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան համալսարան ղեկավարելը». նման հարցադրում հնչեց այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին` ուղղված ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:
«Ռեկտորի աշխատանքն այնքան հեշտ ու բարիքներ տվող աշխատանք չէ, ինչքան որ կարծում են այդ հարց տվողները: Երկրորդ` ես այդ պաշտոնում ընտրվել եմ Հոգաբարձուների խորհրդի կողմից, ինձ վստահել է նաև իմ կոլեկտիվը: Ես ընտրված անձ եմ: Մինչև 2020 թվականն ընտրված եմ, որից հետո, իհարկե, կգնամ: Այդ պաշտոնում մնալն ինձ համար բավականին ծանր փորձություն է»,- պատասխանեց Ա. Սիմոնյանը:
Հարցին, թե համալսարանի ռեկտորի ընտրության օրն ամեն ինչ այնպես է կազմակերպել, որ այլ թեկնածուներ չլինեն իրենից բացի, ասաց, որ դրանք անպատասխանատու հայտարարություններ են, որոնց պատասխանել չի ցանկանում: