Քաղաքապետարանում ով ինչքան աշխատավարձ է ստանում. «Հրապարակ»
«Երևանի ավագանու երեկվա նիստում հաստատվեցին քաղաքապետարանի աշխատողների դրույքաչափերը, ըստ այդմ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմում է 575 հազար, առաջին տեղակալ Կամո Արեյանինը՝ 478 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443 հազարական դրամ: Այդքան է ստանում նաև գլխավոր ճարտարապետը: Քաղաքապետի գլխավոր խորհրդականը՝ 370 հազար, շարքային խորհրդականն ու խորհրդական գլխավոր դիզայները՝ 358 հազար դրամ: Քաղաքապետի օգնականն ու մամուլի քարտուղարն ստանում են 298 հազար դրամ, գործավարը՝ 261 հազար: Քաղաքապետի տեղակալն էլ օգնական ունի, որն ստանում է 250 հազար դրամ, անգամ ճարտարապետն օգնական ունի՝ 237 հազար դրամ աշխատավարձով, իսկ առաջին տեղակալի գործավարի աշխատավարձը 201 հազար է: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը ստանում է 382 հազար, նրա տեղակալը՝ 346 հազար դրամ աշխատավարձ: Քաղաքապետարանի վարչության պետերը ստանում են 346 հազար, նրանց տեղակալները՝ 322 հազար, իսկ բաժնի պետերը՝ 291 հազար դրամ: Ամեն բաժնում կա գլխավոր, առաջատար, առաջին կարգի մասնագետ, գործավար՝ համապատասխանաբար 225, 220, 210, 164 հազար դրամ աշխատավարձերով: Իսկ քարտուղարության բաժնում կա 14 գործավար, 2 պատճենահանող՝ նույնպես 164 հազար դրամ աշխատավարձով: Վարչական շրջանների ղեկավարներն էլ ստանում են 400 հազար, տեղակալները և աշխատակազմերի քարտուղարները՝ 346: Ընդհանուր առմամբ՝ Երևանի քաղաքային իշխանությունն ունի 1998 հաստիք, աշխատավարձի բյուջեն ամսական կազմում է 436 մլն. 409 հազար 100 դրամ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |