ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները:
2017թ. ապրիլի 29-ին՝ ժամը 10:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ 3-րդ գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Փորձաքննության կատարման ընթացքում փորձագետները գլխի ճակատային շրջանի, աջ և ձախ այտաթշային շրջանների, կզակի, արմնկային, քթի շրջաններում հայտնաբերել են քերծվածքներ, ինչպես նաև՝ արյունազեղումներ՝ գլխի փափուկ հյուսվածքների, ձախ ճակատային և հետին մակերեսի, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի մակերեսներին։
Դիակի ինքնությունը պարզելու համար նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։