«Ամեն հայ, եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»,- ասել է հայ զորահրամանատար, հայդուկապետ Անդրանիկ Զորավարը: Այսօր ազգային հերոսի ծննդյան օրն է:
Նա առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»:
Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865-ի փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար գյուղում։ Նրա հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից 18-րդ դարում: Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրից։
Համիդյան ջարդերի ընթացքում Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից: 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին նա անցել է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր Օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։
Զորավար Անդրանիկը պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով։ Անդրանիկի սուրն ու պարգևները տեղափոխվել են Հայաստան և հանձվել Հայաստանի պատմության թանգարանին: