Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունն Ախալցխայում վաճառքի է հանվել

21:35, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունն Ախալցխայում վաճառքի է հանվել

Ախալցխայում վաճառվում է հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունը: Տան սեփականատիրոջ խոսքերով Վարդգես Սուրենյանցի տունը ներկայում պահպանել է իր նախկին տեսքը և նրա դիտարկմամբ այն չի վերանորոգել ժամանակակից ձևով, քանզի ինքը դեռ մտածում է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան գնել Վարդգես Սուրենյանցի տունը և կվերածեն այն թանգարանի:
     Հիշեցնենք, որ 2009 թվականի օգոստոսի 1-ին Ախալցխայում նկարչի տան պատի վրա բացվեց հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցին նվիրված հուշաքարը, հայտնում է Ջավախքի լրատվամիջոցը:
     Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։
     Տիրապետելով տասը լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։
     Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։

3505 | 0
Facebook