Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամփոփվեց Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը

15:15, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Ամփոփվեց Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը

Հոկտեմբերի 20-26-ը Երևանում կայացավ Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը: Այն եզրափակվեց Ռուսաստանի «Մաստերսկայա» թատրոնի «Մի անգամ Էլսինորում. Համլետ» ներկայացմամբ:
     Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալել էր շուրջ 130 մասնակցի և հյուրերի 15 երկրից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Նիգերիայից, Ալժիրից, Մոնղոլիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից:
     Երևանյան 9 բեմահարթակներում ցուցադրվեցին ավելի քան 15 ներկայացում:
     Փառատոնի շրջանակում ցուցադրվեցին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի «Հուլիոս Կեսար», Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի «Յագո կամ Տրակտատ թաշկինակի մասին», Վոլոդիմիր Զավալնյուկի «Պերետվորենիե» թատրոնի «Համլետ», «Մաստերսկայա» թատրոնի «Մի անգամ Էլսինորում. Համլետ», Ստանիսլավ Սոյկա և Կրակովի երգիչներ երաժշտական խմբի «Շեքսպիր Ակապելլա» ներկայացումները:
     Երևանյան թատրոններից՝ Շեքսպիրյան փառատոնի ծրագրում հանդես եկան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և այլ թատրոններ: Այս տարի Շեքսպիրյան փառատոնը հանդես եկավ տարբեր ծրագրերով. կայացավ միջազգային թատերական նախագիծ, որի նպատակն էր համատեղ ներկայացման միջոցով միավորել տարբեր ժողովուրդների թատերական մշակույթները (Հայաստան – Ալժիր - Ռումինիա – Նիգերիա – Բրազիլիա - Մոնղոլիա): Բեմ բարձրացավ թատերական ֆանտազիա Վ. Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի մոտիվներով:
     «Այս նախագիծն իրականացվեց շատ կարճ ժամանակահատվածում: Պետք է ասեմ, որ մասնակիցները հրաշալի մարդիկ են, հրաշալի ընկերներ, և ես հույս ունեմ, որ ծրագիրը շարունակություն կունենա», - առաջնախաղից հետո նշել է Հակոբ Ղազանչյանը:
     Երևանի Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին՝ աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, անգլիացի դերասան և դրամատուրգ, Էդինբուրգի թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Փիփ Աթթոնը, գերմանացի երաժշտագետ, տեսաբան, մշակութային մենեջեր Դիեթեր Թոփը, և այլ պատվավոր հյուրեր: Նրանց ղեկավարությամբ անց են կացվել վարպետության դասեր:

«Շեքսպիրյան փառատոնն իր ձևաչափով, կարելի է ասել, յուրահատուկ փառատոն է, և ես շատ ուրախ եմ, որ կարճատև դադարից հետո այն կրկին շարունակում է իր փառատոնային կյանքը»,- իր ողջույնի խոսքում նշել է աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան:

Նշենք, որ փառատոնի բոլոր մասնակիցներին տրվել են մասնակցության հավաստագրեր:

2266 | 0
Facebook