Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Մանուկյանը կմնա կալանքի տակ

14:35, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Արամ Մանուկյանը կմնա կալանքի տակ
     Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ դատարան ներկայացված բողոքը, այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոցից» դատարան են տեղափոխել «Շտապօգնության» մեքենայով՝ պատգարակի վրա: «Իմ պաշտպանյալը ելույթ է ունեցել և հայտնել, որ երբ իր ուղղությամբ կրակել են, այդ պահին իրեն վնասազերծելու խնդիր չի եղել, ինքն այդ պահին ընդամենն օգնել է վիրավոր հորը»:
     Արամ Մանուկյանի մյուս պաշտպան Հարություն Բաղդասարյանը նշեց, որ դատարանն իրականացրել իր սովորական գործառույթը. «Որոշումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական: Ինչ վերաբերում է Արամին, ապա նա ուրախ է, խրոխտ և իր ողջույններն է ուղարկում բոլոր երիտասարդներին»: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ 219-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ 235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է 6-12, մյուս դեպքում՝ 3-8 տարվա ազատազրկում:
4854 | 0
Facebook