Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

17:20, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. ««Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների և անձամբ դե-ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերին ուժգնացած հակաօրինական գործողությունների հրահանգումը, կազմակերպումն ու իրագործումը: Արհամարհելով Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդի պահանջը, քաղաքական և հասարակական մի շարք դերակատարների, մտավորականության, ինչպես նաև ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջազգային հանրության հորդորները հանգուցալուծել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով, դե-ֆակտո իշխանությունները ընտրել են արյունահեղության ուղին, ինչը դրսևորվեց բանակցությունների հրավիրված և հրազենից դավադրաբար վիրավորված Պավել Մանուկյանի, ապաև նրա որդու՝ Արամ Մանուկյանի դեպքում: «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ. -1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության պատվիրատուներն ու աջակիցները մինչ այժմ բացայատված չեն. -2008թ. մարտի մեկին դե-ֆակտո իշխանությունների կողմից 10 խաղաղ քաղաքացիների սպանությունն իրագործողներից և նրանց հրաման տվողներից որեւէ մեկը պատասխանատվության ենթարկված չէ. -Երկրում համատարած կիրառվում է ընտրովի արդարադատություն, որի արդյունքում մարդասպանները չեն դատապարտվում, իսկ ամենաաննշան զանցանքը, սեփական քաղաքական հայացքների ոչ ստանդարտ ձևով խաղաղ արտահայտելը կարող է պատճառ դառնալ քաղաքացու տարիներով ազատազրկման: Արդյունքում ունենք 15 քաղբանտարկյալ, իսկ այժմ էլ՝ շինծու մեղադրանքներով տասնյակից ավելի ձերբակալվածներ. -«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ, Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ապօրինի բերման է ենթարկվել, դաժանաբար ծեվծել է, որի արդյունքում նա կորցրել է գիտակցությունը. բժշկական հաստատությունում նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ՝ գլխի և մարմնի վրա: Նույն կերպ դաժան ծեծի են ենթարկվել մի շարք քաղաքացիական ակտիվիստներ: -Վերջապես, երեկ՝ հուլիսի 27-ին, ընդամենը խաղաղ հանրահավաքի մասնակցելուն շտապող հարյուրավոր քաղաքացիներ կեղծ, շինծու մեղադրանքով, իբր անկարգություններին մասնակցելու համար, բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների թվում են եղել նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Նախախորհրդարանի և Հակաճգնաժամային խորհրդի մի շարք անդամներ: -Հայաստանում դադարել են գործել իրավապահ մարմինները, քանի որ հակաօրինական գործողությունները, որոնք ավանդաբար և պարբերաբար կիրառվել են իշխանությունների կողմից, կարելի է որակել որպես սեփական քաղաքացիների ահաբեկմանն ուղղված պատժիչ գործողություններ: Այս ամենը գալիս է հիմնավորելու այն փաստը, որ «Սասնա Ծռեր»-ը հակաահաբեկչական խումբ է: Իսկ այն համաժողովրդական աջակցությունը, որը դրսևորվեց «Սասնա Ծռեր»-ի հանդեպ փաստում է, որ ամբողջ ժողովուրդը դարձել է իշխանությունը բռնազավթած վարչախմբի պատանդը, սակայն դեռ չի կորցրել հույսը ազատագրվելու և կառուցելու իր երազանքների Հայաստանը՝ ազատ, արդար և հզոր: «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է գործող դե-ֆակտո իշխանություններից. -Անհապաղ թույլ տալ սնունդ, ջուր և դեղորայք հասցնել ՊՊԾ գնդում պատսպարված «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, ապաև վերսկսել նրանց հետ բանակցությունները՝ խնդիրը անարյուն հանգուցալուծման հասցնելու նպատակով, -Վերականգնել Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգի գործունեությունը, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և վերջին օրերին քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մյուս քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկել խաղաղ քաղաքացիների հանդեպ ապօրինություններ և բռնություններ գործադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, -Ձևավորել ժողովրդական վստահության ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի և կանցկացնի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ արդեն այս տարվա դեկտեմբեր ամսին: Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին դուրս գալ փողոց, մասնակցել հանրահավաքներին, իրենց բողոքի ձայնն արտահայտել ընդդեմ իշխանությունների ապօրինությունների և թույլ չտալ իշխանություններին շարունակելու արյունահեղությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ արձագանքել Հայաստանում դե-ֆակտո իշխանությունների սանձազերծած համատարած պատժիչ գործողություններին, բռնաճնշումներին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին»:

5804 | 1
Facebook