Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարզ ասեք, որ այս համաձայնագրի շրջանակում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան

16:35, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
«Պարզ ասեք, որ այս համաձայնագրի շրջանակում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկումը:
     Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին` խնդրելով նախ պարզաբանել, թե ինչու Հայաստանը չունի կործանիչ ավիացիա, ապա անդրադարձավ ՀՕՊ համաձայնագրին. «Եթե Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգից հրաման լինի ռուսական էսկադրիլիային օդ բարձրանալու, իսկ Ռուսաստանից լինի հրաման՝ չէ, լավ, մի՛ բարձրացեք, էդ ինքնաթիռներն օդ կբարձրանա՞ն, թե՞ ոչ»: Արա Նազարյանն ի պատասխան ասաց՝ կործանիչ ավիացիա ունենալը պետության հնարավորությունների խնդիր է, և եթե հնարավորություն լիներ՝ կունենային: «Ինչ վերաբերում է հարցին՝ եթե մեր կողմից հրաման տրվի խոցել, մյուս կողմից՝ չխոցել, ապա ասեմ՝ նշված գործընթացները չեն կարգավորվում միայն հրամաններ տալով: Կան համապատասխան փաստաթղթեր, կիրառման պլաններ, որոնք համաձայնեցված են»,- հավելեց Արա Նազարյանը:
     Նիկոլ Փաշինյանին չբավարարեց հարցերի պատասխանները և հորդորեց Նազարյանին` հարցերին պատասխանել ուղիղ. «Պարզ ասեք, որ այս համաձայնագրի շրջանակում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ»,-ասաց Փաշինյանը: Արա Նազարյանն արձագանքեց, որ Փաշինյանի հարցին չի պատասխանի, քանի որ իր համար հարցն անհասկանալի է:

3564 | 2
Facebook