Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Երրորդ աշխարհի երկրներում նորածին երեխաները մահանում են ջրի պակասից

22:20, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Երրորդ աշխարհի երկրներում նորածին երեխաները մահանում են ջրի պակասից

Երրորդ աշխարհի երկրներում խմելու ջրի խնդիրն այնքան սուր է, որ այն կարելի է համարել բնության կողմից իրականացվող ցեղասպանություն: Տանզանիայում, Մալավիում, Եթովպիայում, Մադագասկարում և մի շարք այլ երկրներում հակասանիտարությունը հանգեցնում է ջրերի աղտոտման, որն էլ հետո դառնում է համաճարակների պատճառ:

Ամենից ծանր վիճակում են հայտնվում նոր ծննդաբերած կանայք ու երեխաները: Water Aid բարեգործական ընկերությունը Deliver Life նախաձեռնության շրջանակներում մինչև փետրվարի 10-ն անց է կացնում դրամահավաք՝ այդ երկրների մոտ 130 հազար ընտանիքների խմելու ջրի պակասը թեթևացնելու համար: Դրամահավաքի վերջնական գումարը կկրկնապատկվի Միացյալ Թագավորության կողմից:

Ջրի պակասի առաջացրած դժվարությունների մասին է պատմում տանզանիացի մանկաբարձ Դենիելը:

Հիվանդանոցը, որտեղ նա է աշխատում, ջրի պակասից չի կարողանում անգամ սանիտարական նվազագույն պայմաններ ապահովել՝ ծննդկաններին ու երեխաներին խմելու ջուր տալու կամ էլ լողացնելու համար: Երբեմն անգամ ջուր չի լինում հերթական ծնունդն ընդունելուց առաջ բժիշկների ձեռքերը լվանալու համար: «Երբ ես առաջին անգամ ականատես եղա, որ նորածինը մահանում է սեփսիսի պատճառով, արցունքներս չէի կարողանում զսպել»,- ասել է նա: Երեխան մահացել էր տեղի գետի ջրով լողացնելուց հետո: Ջուրն, ինչպես երեխայի տատիկն է պատմել, կովի մեզի հոտ ու գույն է ունեցել: Ծնվելու հաջորդ օրը երեխան բարձր ջերմություն է ունեցել, իսկ մի օր հետո մահացել է սեփսիսից:
Մահացած երեխայի մայրն ու տատիկը
Մահացած երեխայի մայրն ու տատիկը

Նման պայմաններում այդ ծննդատունն ընդունում է ամսական 90 ծնունդ: Շատերը մահանում են հիգիենայի բացակայության պատճառով: Ծննդատան լոգասենյակն ընդամենն առանց տանիքի, կեղտոտ պատերով ու կեղտոտ ծորակով փոքրիկ տարածք է, որի դռան փոխարեն կախված են հաճախորդների հագուստները: Ծննդկանների համար հիմնականում ջուր են բերում հարազատները տարածքի միակ աղբյուրից, որի ջուրը շատ թե քիչ պիտանի է օգտագործման համար: Դրանից օգտվում է տարածքի 2000 բնակչությունը և դրա դիմաց մշտական հերթեր են:

Այստեղ խմելու ջուրն իրենց ուսերին տուն են հասցնում բոլոր կանայք՝ անկախ կարգավիճակից: Օրինակ, Իչնան, ով հղիության 8-րդ ամսում է, անանցանելի ճանապարհով ամեն օր գնում է մոտակա գետն ու 20 լիտրանոց ջրի տարան ուսին գյուղ է վերադառնում:

Այսօր խմելու մաքուր ջուրն օրհասական խնդիր է աշխարհի 37 երկրների համար, սակայն խնդիրը ժամանակին չլուծելու դեպքում այն կարող է դառնալ ամբողջ մոլորակի խնդիրը:

13963 | 0
Facebook