Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թիմերի խաղամակարդակի տարբերությունը շատ մեծ էր». Սարգիս Հովսեփյան

11:13, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
«Թիմերի խաղամակարդակի տարբերությունը շատ մեծ էր». Սարգիս Հովսեփյան
    
Ֆրանսիա-Հայաստան հանդիպման ավարտից հետո «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:

Մեկնարկային կազմի ընտրությունից և խաղի ընթացքից պարզ դարձավ, որ փորձարկումներ էիք անում այս խաղում: Ի՞նչ էիք ցանկանում տեսնել և ի՞նչ տեսաք:

- Այսպիսի հավաքականի դեմ խաղում փորձում էինք եզրերով արագություն տալ, հակագրոհել: Մասամբ ստացվեց, պահեր կային, բայց վարպետությունը չհերիքեց: Իմ կարծիքով` ինչ-որ չափով առաջին խաղակեսը ստացվեց, ինչ որ ուզում էի տեսնել, ես տեսա: Իհարկե, ամբողջովին չստացվեց, որովհետև այդպիսի ուժեղ հավաքականի հետ խաղում կային թերություններ: Եվ դա միայն մեր տղաների մեղքը չէր, այլ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների որակը չափազանց բարձր էր, և մեր տղաներն ուղղակի չէին հասցնում նրանց հետևից: Դա բնական է, որովետև Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները սովոր են բարձր մակարդակի հանդիպումներին, իսկ մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք առաջին անգամ են մասնակցում նման հանդիպումների, իրենց համար մի փոքր անսովոր է այսպիսի բարձր որակը և արագությունները: Այս խաղում դաշտ դուրս եկան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց փորձարկում ենք ապագայի համար:

Պարտության պատճառը ակնհայտ է: Թիմերի խաղամակարդակի տարբերությունը շատ մեծ էր, ես շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին և ցանկանում հաջողություն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում:

Մեր մի քանի առաջատարներ պահեստայինների նստարանին էին, մյուսները փոխարինվեցին հանդիպման ընթացքում: Արդյոք դա պայմանավորվա՞ծ էր Ալբանիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպումով: Արդյոք Մովսիսյանն ու Արզումանյանը պատրաստ կլինեն այդ խաղին:

Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք բաց թողեցին այս հանդիպումը: Մովսիսյանը, Արզումանյանը, Հարոյանը վատառողջ է և ներկա չէր մարզադաշտում: Եթե Յուրան և Ռոբերտը այսօր խաղային, ապա Ալբանիայի հետ հանդիպմանը չէին կարող մասնակցել: Դրա համար որոշեցինք իրենց հանգիստ տալ, որպեսզի պատրաստվեն Ալբանիայի հետ հանդիպմանը: Այդ խաղը շատ կարևոր է, կայանալու է մեր մարզադաշտում և անպայման ուզում ենք հաղթել: Այդ հանգամանքից ելնելով` եղան նաև փոփոխությունները այս հանդիպման ընթացքում, քանի որ հասկանում ենք, որ շատ կարևոր խաղ է սպասվում: Բոլորս լավ հասկանում էինք, որ ընկերական հանդիպում էր ու հնարավորություն տվեցինք խաղալ երիտասարդներին:

Գո՞հ եք արդյոք խաղից:

- Արդյունքից բնականաբար գոհ չեմ, պարտվել ենք 4:0 հաշվով: Եթե Ալբանիայի դեմ խաղանք այնպես, ինչպես որ խաղացինք առաջին խաղակեսում, կարծում եմ արդյունք կունենանք, որովհետև թեև Ալբանիայի հավաքականի կազմում լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, բայց Ֆրանսիայի հավաքականի խաղամակարդակը ավելի բարձր է: Երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտան ֆուտբոլիստներ, որոնք չկարողացան դրսևորել իրենց այս խաղում: Հուսով եմ, որ այն տղաները, որոնք այսօր մեկնարկային կազմում էին, ավելի լավ կխաղան Ալբանիայի դեմ:

Ի՞նչ կարծիք ունեք Գաել Անդոնյանի խաղի մասին:

- Գաել նորմալ խաղաց: Ինչպես տեսաք, եզրային պաշտպանը վնասվածք ստացավ և թողեց խաղադաշտը: Իր դիրքը զբաղեցրեց կենտրոնական պաշտպանը, որը լիովին չկարողացավ կատարել իր պարտականությունները: Այդ պատճառով Գաելը կարող էր սխալվել, քանի որ համագործակցությունը կենտրոնական կիսապաշտպանի հետ խախտվեց: Ես Գաելի խաղից գոհ եմ և հուսով եմ, որ Ալբանիայի դեմ ավելի լավ կխաղա:

Արդյոք Ֆրանսիայի հավաքականի կազմում կա՞ր ֆուտբոլիստ, ով ավելի շատ խնդիրներ առաջացրեց քան մյուսները

- Բոլոր ֆուտբոլիստներն են շատ խնդիրներ առաջացրեցին մեր ազգային հավաքականի համար: Ֆրանսիայի հավաքականն անընդհատ գրոհում էր և ցանկացած ֆուտբոլիստ կարող էր վտանգավոր պահ ստեղծել, ինչն էլ եղավ:

2913 | 0
Facebook