Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆինլանդիայում շահագործման է հանձնվել ապագայի դպրոցի առաջին օրինակը

20:03, երեքշաբթի, 16 հունիսի, 2015 թ.
Ֆինլանդիայում շահագործման է հանձնվել ապագայի դպրոցի առաջին օրինակը

Մանկական հոգեբանները վաղուց են պնդում, որ պետք է փոխել մոտեցումներն ուսման հարցում, որպեսզի երեխաները սիրեն դպրոցը: Ամեն մի երեխա նախքան դպրոց գնալը երազում է դասասենյակ մտնելու ու դասասեղանի մոտ նստելու մասին, սակայն գնալուց հետո շատ կարճ ժամանակ անց հիասթափվում է, ու դպրոց գնալը մեծամասամբ դառնում է տհաճ պարտականություն: Երեխաները տանել չեն կարողանում, երբ իրենց հրամայում են ծպտուն չհանել, չշարժվել, ոչ մի խաղալիք չտանել և այլն:

Հաշվի առնելով հոգեբանների խորհուրդները՝ Ֆինլանդիայի Էսպոո քաղաքում կառուցված Saunalahti դպրոցում ամբողջովին փոխել են ուսումնական պրոցեսի սկզբունքները: Այս դպրոցն արտաքինից ու ներսից առավել նման է ժամանակակից արվեստների թանգարանի:


     10.500 քառ. մետրի վրա կա տարրական և միջին դպրոց, նախադպրոցական բաժին, երիտասարդների տուն, թատերական դահլիճ, ճաշարան, մարզասրահ և այլն: Դասապրոցեսը տարվում է ջերմ մթնոլորտում, ամեն մի երեխա նստում է այնպես, ինչպես ուզում է և որտեղ ուզում է ու ազատորեն շփվում է իր դասընկերների հետ: Անվաթոռների վրա կարելի է «երթևեկել» դասասենյակի մի ծայրից մյուսը, կամ էլ պառկել բազմոցին ու լսել ուսուցչին:

Ճաշասենյակում հանդիպում են բոլոր աշակերտները, հարկ եղած դեպքում այն նաև դառնում է կինոթատրոն:

Բակը կառուցված է այնպես, որ բոլոր երեխաները միաժամանակ կարողանան խաղալ, ընդ որում՝ այն առանձնացված է տարբեր տարիքային խմբերի համար:

Դպրոցը նաև չունի խիստ պահակախումբ ու բարձր ցանկապատեր: Դրա հիմնադիրները վստահ են, որ եթե ցանկապատ լինի, ապա ցանկացած երեխայի սրտում կարթնանա դրա դեմ ընդվզելու ու դասերից փախչելու ցանկությունը: Դպրոցի բոլոր դասասենյակներն ու սրահներն ունեն լայն պատուհաններ, որոնք երեխային չեն տալիս 4 պատերի մեջ փակված լինելու զգացողություն:

Բնականաբար, աշխարհում իր տեսակի մեջ եզակի դպրոցն արդեն գրանցել է կրթության լավագույն արդյունքներ: Երեխաներն, ովքեր մեծ ոգևորությամբ և ոչ թե դժգոհությամբ են հաճախում այնտեղ, սիրում են սովորել: Այն նրանց տալիս է նաև ստեղծագործական առումով զարգանալու, սիրված մարզաձևերում հաջողությունների հասնելու հնարավորություն:

36103 | 0
Facebook