Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվգենի Լովչև. «Համոզված եղեք՝ վաղն իսկական ֆուտբոլ է լինելու»

22:53, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Եվգենի Լովչև. «Համոզված եղեք՝ վաղն իսկական ֆուտբոլ է լինելու»
     Այսօր տեղի ունեցավ ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի աստղերի մասնակցությամբ մամուլի ասուլիս՝ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա տարեդարձին նվիրված՝ վաղը կայանալիք ֆուտբոլի հանդիպմանն ընդառաջ։ Լրագրողների հետ հանդիպեցին Եվգենի Լովչևը, Վալերի Գազաևը, Անատոլի Բիշովեցը, Լեոնիդ Բուրյակը և Իգոր Բելանովը: Եվգենի Լովչևը մասնավորապես ասաց. «Գաղտնիք չէ, որ այն ֆուտբոլիստներն, ովքեր այստեղ նստած են, իրենց մարզական կարիերան ավարտելուց հետո շարունակում են մնալ աստղեր։ Ի երջանկություն բոլորիս՝ մենք այսօր այստեղ ենք։ Բոլորիս համար Խորեն Հովհաննիսյանը մեծ ֆուտբոլիստ է։ Ուրախ եմ, որ կմասնակցենք այդ հանդիպմանը։ Համոզված եղեք՝ վաղն իսկական ֆուտբոլ է լինելու»։
     Անատոլիյ Բիշովեցն էլ ասաց. «11 տարեկանում տեսա Նիկիտա Սիմոնյանին, 1964 թվականին առաջին անգամ եկա Երևան և տեսա Հովիվյանին։ Նա փայլում էր։ Սովորաբար, շատ հաճելի է խոսել հոբելյարի մասին։ Ես եղել եմ 1973 թվականի թիմում։ Լինել այդ թիմում և խաղալ լավագույնների հետ մեծ պատիվ է։ Երբ եկա Երևան, զգացի մարդկանց աուրան, հիշողությունների գիրկն ընկա։ Շատ բան կա հիշելու։ Ես հիշեցի «Զենիթում» աշխատող երկու ֆուտբոլիստների՝ Սարգիս Հովսեփյանին և Ռոման Բերեզովսկիին։ Ինձ երևանյան հյուրանոցում հիանալի նվեր էր սպասում․ Բերեզովսկին նվեր էր ուղարկել հյուրանոցի իմ համար։ Շատ զգացված եմ այդ համեստ ֆուտբոլիստի վերաբերմունքից։ Ե՛վ Ռոմանը, և՛ Սարգիսը նվիրված են ֆուտբոլին, ապրում են ֆուտբոլով»։
     Վալերի Գազաևն էլ հավելեց. «Ողջունում եմ բոլորին, շատ հաճելի է տեսնել մարդկանց, ովքեր սիրում են Խորենին։ Եկել ենք այսօր շնորհավորելու մեր ընկերոջը։ Նա մեծ ֆուտբոլիստ է՝ առաջատարի հատկանիշներով, մեծ ընկեր, մեծ մարդ։ Շատ հաճելի է, որ այսօր այստեղ եմ։ Ուրախ եմ, որ նման հանդիպումներ են կազմակերպվում։ Բոլոր նրանք, ովքեր տեսել են Խորիկի խաղը, գիտեն, թե նա ինչ մեծ մարդ է։ Բոլոր երկրպագուները հիշում են նրան։ Կարծում եմ՝ նա օրինակ կարող է ծառայել երիտասարդներին»։
     Լեոնիդ Բուրյակն իր խոսքում նշեց. «Խորհրդային Հայաստանը միշտ լավ ֆուտբոլային դպրոց ուներ, բայց Խորենը առանձնահատուկ է եղել։ Նա միշտ իր տեղն է գտել և՛ թիմում, և՛ հավաքականում։ Նա առաջին մեծության աստղ էր։ Այսօր եկել ենք կիսելու այս ուրախությունը։ Նա արժանի է դրան։
     Իգոր Բիլանովն ասաց. «Շնորհակալ եմ, որ հիշում եք պատմությունը և այսօր այստեղ եք։ Ուրախ եմ, որ վախը Խորիկին նվիրված ֆուտբոլային տոն է լինելու։ Հանդիպմանը մասնակցելու հրավեր ստացա 2,5 ամիս առաջ։ Ցավոք, հետո վթարի ենթարկվեցի և ողնաշարի լուրջ վնասվածք ստացա։ Չգիտեի՝ կկարողանամ գալ թե ոչ, սակայն անպայման ուզում էի Խորենի հանդիպմանը գալ։ Եվ այսօր այստեղ եմ։ Վաղը կաշխատեմ լավ ֆուտբոլ ցույց տալ։
     Այսօրվա և անցյալի ֆուտբոլի տարբերության վերաբերյալ լեգենդներն ասացին․
     Վալերի Գազաև. «Առաջ ավելի արագ էր ֆուտբոլը, հիմա խաղի որակն ուրիշ է։ Տակտիկապես գլոբալ փոփոխություններ չկան, սակայն անհատական ցուցանիշները փոխվել են։ Վատն այն է, որ քիչ են ֆուտբոլիստները, որոնք կարող են միայնակ վճռել հանդիպման ելքը։ Առաջ նման ֆուտբոլիստներն ավելի շատ էին։ Ամեն թիմ ուներ ֆուտբոլիստ, որի խաղը տեսնելու համար էին գալիս երկրպագուները։
     Եվգենի Լովչև. «Առաջ այլ կերպ էինք ֆուտբոլին վերաբերում։ Հիմա ֆուտբոլիստները գումար են վաստակում։ Մենք ուրիշ էինք։ Մենք միայն ֆուտբոլիստ չէինք, մենք նաև, խաղալով այդ ակումբում, երկրպագում էինք դրան։ Մեզ համար երկրպագուների սերն ու ներկայությունը ավելի մեծ նշանակություն ուներ, քան...։ Պատահական չէ, որ Խորեն Հովհաննիսյանը բոլորիդ համար մեծ անձնավորություն է։ Խորիկը յուրաքանչյուր մարզիչին պետք էր, ամեն մարզիչ նրան յուրովի էր տեսնում։ Այսօր այնքան մեծ ֆուտբոլիստներ են Երևանում։ Բոլորս հարգում ու սիրում ենք Խորենին»։
     Ասուլիսի վերջում եկավ նաև հոբելյարը՝ Խորեն Խովհաննիսյանն, ով այդ ընթացքում ԱԺ նախագահի մոտ էր:
     «Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել ընկերներիս, որ ժամանակ գտան ու եկան այստեղ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եք՝ Երևանում»,- սիրված ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը։
3201 | 0
Facebook