Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բժշկուհին պարզաբանում է 4-ամյա երեխային կոկորդը զննելու փոխարեն սեպսիսով վարակելու մասին լուրը

17:10, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Բժշկուհին պարզաբանում է 4-ամյա երեխային կոկորդը զննելու փոխարեն սեպսիսով վարակելու մասին լուրը
     Ֆեյսբուքում գործող «Armenian Parents' Corner» խմբի անդամներից մեկը կատարել էր հետևյալ գրառումը. «‪Վատ բժիշկ‬ ‪Անահիտ Պետրոսյան‬, քիթ կոկորդի բժիշկ, Երևանի 19 պոլիկլինիկա:
     Սիրելի ծնողներ, կոչ ենք անում երբեք Ձեր բալիկներին բուժման, կամ անգամ պարզապես զննելու համար չտանել այս բժշկուհու մոտ։ Մի քանի օր առաջ, նա, իմ շատ լավ ընկերների 4-ամյա բալիկի կոկորդը զննելու փոխարեն գործիքով որոշել է մաքրել, այդ մեթոդը վաղուց չի կիրառվում, ինչի արդյունքում երեխային վարակել է, բալիկը ցնցումներով և 40 աստիճան ջերմությամբ հոսպիտալացվել է, նրա մոտ հայտնաբերել են արյան վարակ, սեպսիս։ Բալիկին բուժում են արդեն 10 օր անտիբիոտիկներով, սկզբի մի քանի օրը նրա մոտ ցնցումները, բարձր ջերմությունը շարունակվել են։ Նույն պալատում ևս մեկ բալիկ է բուժվում, տուժած նույնպես այս բժշկուհու «բուժումներից»։
     Երեխայի մայրիկը ահազանգել է Առողջապահության նախարարություն, դուրս գրվելուց հետո նրանք հետամուտ են լինելու այս գործընթացին, իսկ մենք Ձեզ հետ կիսվում ենք, որ իմանաք, ու խուսափեք։
     Ի դեպ, նույն հիվանդանոցում նշել են, որ սա առաջին դեպքը չէ այս բժշկուհու՝ կոկորդ մաքրելու արդյունքում տուժած երեխաների հետ կապված....»։
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը կապ հաստատեց Երևանի թիվ 19 պոլիկնինիկայի մանկական քիթ-կոկորդ-ականջաբան Անահիտ Պետրոսյանի հետ: Վերջինն ասաց, որ երեխան արդեն շատ լավ է, ինքն անձամբ գնացել է «Արաբկիր» բժշկական կենտրոն և տեսել երեխային: Նա նշեց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
     Բժշկուհին ասաց, որ քանի օր է՝ սթրեսային վիճակում է, իսկ երբ գնացել է հիվանդանոց, ծնողներն ամեն կերպ վիրավորել են իրեն: «Երեխային հայրն է բերել, մանկաբույժը տեղում չէր, խնդրել է՝ ես եմ նայել: Երեխան վատ էր, կոկորդը այտուցված էր, ջերմություն ուներ: Քմային նշիկների լակունաների լվացում և պլոմբում եմ կատարել: Եթե չմիջամտեի, ավելի վատ էր լինելու: Ես 30 տարվա մասնագետ եմ, հունվար ամսին եմ վերադարձել Իսրայելից, Մեռյալ ծովի պրոդուկտներով էլ աշխատում եմ: Այդ երեխայի հայրը նույնպես իմ հիվանդն է եղել ժամանակին»: Հարցին՝ ո՞րն է նման լուրերի տարածման պատճառը, բժշկուհին պատասխանեց, որ երեխան տանն ավելի է վատացել և նրան տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ, որտեղ Զենֆիրա Աբգարովնան, ով եղել է իր ուսուցիչը, և Էռնա Ակոպովնան փորձել են վատաբանել իրեն: Անահիտ Պետրոսյանը պնդում էր, որ նշված բժիշկներն իր վրա ատամ ունեն, քանի որ վերջին ժամանակահատվածում նա հիվանդներ չի ուղարկում նրանց մոտ վիրահատություն կատարելու համար: «Մեզ մոտ արդեն բացվել է նշիկների վիրահատության բաժանմունք և հիվանդներին, բնականաբար, մեզ մոտ ենք սպասարկում, այդ պատճառով նրանք ընկել են իմ հետևից»:
     Մենք կապ հաստատեցինք նաև «Արաբկիր» ԲԿ-ի բժշկուհի Զենֆիրա Աբգարովնայի հետ, ով ասաց, որ ինքը նման բան չի ասել. «Ես ծնողներին հարցրել եմ` լվացում են արել, իսկ նրանք պատասխանեցին, որ ոչ, մաքրել են: Ես էլ ասել եմ, որ սուր շրջանում չի կարելի մաքրել: Ծնողը պարզապես ուզում է մի տեղից բռնի»: Զ. Աբգարովնան ասաց, որ ինքն արդեն քանի օր է՝ տեղեկություն չունի այդ երեխայից, քանի որ նա այլ բաժնում է պառկած և իրենց մոտ գալիս են այն ժամանակ, երբ մասնագիտական հարց է լինում: Բժշկուհին նշեց, որ շատ լավ հիշում է ծնողի դեմքը, երբ ամեն օր գալիս և հարցնում էր` ինչպես է իր երեխան, իսկ հիմա իրենց՝ բուժող բժիշկների հետևից նման բաներ են խոսում:
     Ի դեպ, մենք փորձեցինք կապ հաստատել նաև երեխայի ծնողների հետ, բայց նրանց ընտանիքին մոտ կանգնած աղբյուրն ասաց, որ ծնողները չեն ցանկանում ներկայանալ և չեն ուզում, որ այս մասին գրվի մամուլում, քանի որ իրենք այլ միջոցների են դիմելու:
17350 | 6
Facebook