Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կիսաբաց նամակ՝ Հրաչ Մուրադյանին». Դավիթ Ասատրյան

18:10, կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
«Կիսաբաց նամակ՝ Հրաչ Մուրադյանին». Դավիթ Ասատրյան

Բանաստեղծ Դավիթ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիսաբաց նամակ՝ Հրաչ Մուրադյանին

Հարգելի բարեկամ.

Չեմ ուզում հավատալ, թե դուք չեք գիտակցում Ձեր թիմի կատարած հանցանքի ծանրությունը: Այո՛, հանցանք, որը գործել եք ոչ միայն հեռուստադիտողի, այլ առաջին հերթին ձեր հաղորդման մասնակիցների հանդեպ: Չնչին բացառություններով, դուք եթեր եք դուրս բերել մեր հասարակության տականքին, այդ տականքի գործածած լեզուն, նրա մտածողությունն ու աշխարհընկալումը:
     Դուք հետևողականորեն ՍՈՎՈՐԱԿԱՆ եք դարձրել արտասովորը, նորմալ եք դարձրել աննորմալը: Բառամթերքի այն սոսկալի աղբանոցը, որ դուք եթեր եք տվել, չի կարող իր ազդեցությունը չունենալ ունկնդրի վրա, հատկապես, եթե այդ ունկնդիրը չունի հաստատուն կրթություն և բառապաշար: Այս ամենին զուգահեռ՝ ձեր աշխատանքը կատարվել է, մեղմ ասած, շատ սիրողական մակարդակով, դուք փորձել եք` «բահով ու քլունգով սրտի վիրահատություն անել»: Մի՞թե խոցելի խավի հետ կարելի է նման կերպ աշխատել: Ամբողջ աշխարհում հասարակությունից դուրս մնացած անհատների հետ աշխատանքի համար գործում են ամբողջական ինստիտուտներ, տարիներով մասնագետներ են պատրաստվում դրա համար, անգամ ամեն խնդիր ունի իր առանձին մասնագետը: Ձեր հաղորդաշարի շրջանակներում (կրկին չնչին բացառություններով), որպես մասնագետ (expert) հանդես են գալիս մարդիկ, որոնք հենց իրենք ունեն մասնագետի կարիք: Շատ հաճախ մասնագետներն ու օգնության դիմածները ոչնչով չեն տարբերվում իրարից: Այս ամենը գրելուց առաջ համացանցում դիտեցի Ձեր մի քանի հաղորդում, իհարկե, ոչ ամբողջական: Կարելի է խելագարվել պարզապես, իրավաբանը Նախկին հանցագործին սպառնում է հիշեցնել` «կոշի գաղութը հին թվերով», մեկ այլ տեղում մասնագետը մեծահասակ կնոջն ասում է` «ձեր տղան բոզ է» , մի ուրիշ տեղում մասնագետն ու հիվանդը հիստերիկ կերպով բղավում են իրար վրա: Վստահ եմ, որ ոչ մի մասնակից չի հեռացել այս հաղորդման տաղավարից իր խաղաղությունը գտած, իր հարցերի պատասխանները մտքում:
     Սա՞ է ձեր օգնությունը մարդկանց...
     Դադարեցրեք այս ամենը, դուք բավական հետաքրքիր դեմք եք եթերում, փոխեք Ձեր աշխատանքի ֆորմատը, փորձեք հարմարվել նոր իրականության հետ, հակառակ դեպքում պարզապես դուրս կմնաք խաղից...»

44080 | 4
Facebook