Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հո չե՞նք ասում, մեր անձնական շահերին ծառայեք, կամ մեզ «լավություն արեք»». Ա. Սաքունցն անդրադարձել է Գ. Կոստանյանի հայտարարությանը

18:10, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
«Հո չե՞նք ասում, մեր անձնական շահերին ծառայեք, կամ մեզ «լավություն արեք»». Ա. Սաքունցն անդրադարձել է Գ. Կոստանյանի հայտարարությանը

ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ուշագրավ արձագանքեց Լևոն Բարսեղյանի ելույթին հայտարարելով. «Եթե դուք որոշեիք, որ ես հաջողակ դատախազ եմ՝ դա ինձ համար կլիներ անձնական վիրավորանք»:

Նախ արձանագրենք, որ իմ գործընկերոջ՝ Լևոն Բարսեղյանի, ինչպես և իմ, ինչպես և քաղաքացիական հասարակության շատ ու շատ մեր գործընկերների, ներկայացուցիչների պատկերացումները գլխավոր դատախազի և ցանկացած պաշտոնատար անձի վերաբերյալ հիմնված է միմիայն այդ պաշտոնատար անձի կողմից՝ օրենքով, սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով, վերաբերմունքով, կոռուպցիոն հանցագործությունների դեմ անգործությամբ կամ գործողություններով:

Մեր ուզածն ի՞նչ է ցանկացած պաշտոնատար անձից և պետական ինստիտուտներից՝ գործել իրավունքի գերակայության սկզբունքի, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի, արդարադատության իրավունքի ապահովման և ժողովրդավարական, իրավական պետության այլ սկզբունքներին համապատասխան:

Հո չե՞նք ասում, մեր անձնական շահերին ծառայեք, կամ մեզ «լավություն արեք»:

Հիմա հարց, եթե Լևոն Բարսեղյանի, նաև մեր պատկերացումներին, այն է իրավական և ժողովրդավարական պատկերացումներին համապատասխան գործելը համարում եք անձնական վիրավորանք, պետք է հասկանանք, որ վերոհիշյալ սկզբունքներին , սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործելն անհարի՞ր է Ձեզ, պաշտոնյաներիդ համար:

Չէ, մենք դա վաղուց գիտեինք, մեզ լրացուցիչ ապացույցներ պետք չէր նման եզրակացության համար:

Ավելին, մենք համոզված ենք, որ Ձեր համար ոչ մի սահմանադրություն, ոչ մի օրենք որևէ նշանակություն չունի, եթե կա Սերժ Սարգսյանի գնահատականը, Սերժ սարգսյանի որոշումը:

Ո՞վ է գլխիցը ձեռք քաշել, սահմանադրություն կամ օրենք կիրառել, եթե դրանք հակասում են «միակ, անփոխարինելի, հավերժ» Սերժ Սարգսյանի ցանկությանն ու որոշմանը:

Այնպես որ խնդիրը սրանում չի:

Այ, որ արդեն հրապարակավ, առանց թաքցնելու և ամաչելու եք Սերժ Սարգսյանին հավատարմության մասին խոստովանում, ցուցադրում, այ դա արդեն աննախադեպ է ՀՀ նորագույն պատմության մեջ:
     Ես կասեի, այդ հավատարմությունը գիտակցական մակարդակից հասել է ենթագիտակցական մակարդակ, այնքան սերտաճել է Ձեր հոգուն ու մտքի խորքերին, որ արդեն չեք էլ գիտակցում, թե ինչի մասին և ինչ եք ասում:

Բայց ինչպես ասում են, միշտ հիշեք. «Թագավորը մեռավ, կեցցե թագավորը» արտահայտությունը շատ անհարմար վիճակներ է ստեղծում այն գոչացողների համար:

4108 | 1
Facebook