Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է Երևանի երաժշտական դպրոցներում վարձավճարի թանկացման խնդրին, որն ուժի մեջ է մտել 2018-ի հունվարի 1-ից:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Դ. Խաժակյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ երաժշտական դպրոցներ հաճախող աշակերտների ծնողները կրկին ահազանգում են վարձի վճարման անհամաչափ պահանջի վերաբերյալ։ «Անցած ամիս պահանջում էին հունվարի վարձավճարն, իսկ այժմ ծնողներից պահանջում են հենց հունվարի 8-ին կատարել վճարումն՝ ասելով, որ այլապես կհեռացնեն հաստատությունից»,- գրել է նա` նշելով, որ վճարումները կատարվում են բանկերի միջոցով, այնինչ այսօր բանկերը խիստ ծանրաբեռնված են լինելու։
«Նկատի ունենալով, որ 8-ն աշխատանքային առաջին օրն է, կարծում եմ՝ պետք է վճարման համար հնգօրյա ժամկետ սահմանել և բացառել այս պարտադրանքը»,- շարունակել է նա։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ քաղաքապետարանին արդեն հայտնել է կոնկրետ դպրոցի վերաբերյալ տեղեկությունը, սակայն վստահ է, որ այդ պարտադրանքը համատարած բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ Երևանում գործող երաժշտական դպրոցներում, 2018-ի հունվարի 1-ից բարձրացել է ուսման վարձավճարը: Հավելենք, որ այս հարցը քննարկման է դրվել Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 26-ին և ձայների մեծամասնությամբ ընդունվել: