Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վերջ՝ հարաբերությունները բարելավելու հույսերին. ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին». Մեդվեդև

23:50, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
«Վերջ՝ հարաբերությունները բարելավելու հույսերին. ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին». Մեդվեդև
     ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն, արձագանքելով ԱՄՆ նախագահի ստորագրած հակառուսական ամենամասշտաբային պատժամիջոցների փաթեթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու հույսերին վերջ դրվեց: Ըստ նրա՝ այդ հարաբերությունները ծայրահեղ կլարվեն՝ անկախ Կոնգրեսի կազմից կամ նախագահի անձից: «Առջևում հարաբերությունների երկարատև պարզաբանումներ են սպասվում միջազգային ատյաններում: Միջազգային լարվածության հետագա զարգացում, հրաժարում միջազգային կարևոր խնդիրների լուծումից և այլն»,- գրել է նա՝ հավելելով, որ ՌԴ դեմ պատժամիջոցները կպահպանվեն տասնամյակներով, եթե հրաշք տեղի չունենա: «Նոր պատժամիջոցներով Ռուսաստանին լիարժեք առևտրային պատերազմ է հայտարարվել»,- ընդգծել է Մեդվեդևը:
     Անդրադառնալով նաև Թրամփի այն հայտարարությանը, թե օրենքը հակասահմանադրական նորմեր է պարունակում, բայց վարչակազմը դրանք իրագործելու է, ՌԴ վարչապետը նշել է. «Ամերիկյան իսթեբլիշմենթը (հասարակության վերնախավ) հաղթեց Թրամփին: Նախագահն ուրախ չէ նոր պատժամիջոցներով, բայց չէր կարող չստորագրել: Թեման՝ Թրամփին ևս մեկ անգամ իր տեղը դնելու միջոց էր»:
     Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի ստորագրած օրենքների փաթեթը ոլորտային պատժամիջոցներ է նախատեսում ՌԴ տնտեսության առանձին ճյուղերի նկատմամբ՝ սահմանափակում մտցնելով նաև Եվրոպայում ռուսական էներգետիկ նախագծերի դեմ:
8507 | 1
Facebook