«Իշխանության մի մասը կոմունիստական, բռնատիրական համակարգի արժեքների կրողն է, ու դիմադրությունը բնական է». կարծիքներ՝ բոլշևիկների անուններով փողոցներն ու դպրոցներն անվանափոխելու առաջարկին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ սեպտեմբերին հանդես է գալու առաջարկով՝ փոխելու Երևանի այն փողոցների ու դպրոցների անունները, որոնք կրում են բոլշևիկ գործիչների անուններ։ Արձագանքելով դաշինքի առաջարկին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է. «Թող հարցը ներկայացնեն, կքննարկենք»: |
Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար
Մենք ունենք փողոցներ, որոնց ներկայիս անվանումները հարիր չեն անկախ պետականություն ունեցող Հայաստանի համար, ընդորում այն Հայաստանի, որի դեմ աշխատել են այն գործիչներն, ում անունով կան անվանակոչված բազմաթիվ փողոցներ: Որևէ մեկը թող փորձի առարկի, որ Անաստաս Միկոյանի կամ Կասյանի անունով պետք է փողոց լինի Երևանում: |
Կարպիս Փաշոյան, պատմաբան
Հայաստանում քաղաքագիտական միքտը ճգնաժամի մեջ է: «Ելք» խմբակցությունը ներկայումս ի վիճակի չէ ավելի լուրջ քաղաքական գործընթաց նախաձեռնել և սկսել է զբաղվել 2-ական գործերով: Բավականին բացասական է դիտարկվում, քանի որ միտումնավոր փորձ է արվում ջնջել պատմության մի ամբողջական հատված։ Չէ՞ որ քաղաքը կառուցվել է կոմունիստական ժամանակաշրջանում և այդ ամբողջ ժառանգությունն ուզում են ոչնչացնել: |
Զարուհի Փոստանջյան, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար
Դա դեռ չի նշանակում, որ բոլշևիզմը կվերանա. դրա վերացումը կպահանջի համալիր մոտեցում: Ոչ թե պետք է միայն մահացած բոլշևիկների անունները փոխել, այլև՝ կենդանի բոլշևիկներին՝ ազատվելով դրանցից վերջինից, ով հանգրվանել է Բաղրամյան 26-ում: Նա խոչընդոտ է երկրի զարգացման համար... Բոլշևիզմի վերացումը համալիր միջոցառումներով պետք է վերանա: |
Արայիկ Հարությունյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ
Իշխանության մի մասն այդ արժեհամակարգի կրողն է ու դիմադրությունը բնական է: Դիմադրություն կա նաև այն պատճառով, որ երբ պաշտոնյաներից մեկին հարցնում էի՝ ինչու են դիմադրում Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով անվանափոխելուն, օրինակ բերեց, ասաց՝ հիշո՞ւմ եք, երբ Նժդեհի արձանը դրեցինք, ռուսական մամուլում տեղատարափ քննադատություն եղավ ՀՀ-ի հասցեին: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Լենինգրադյան փողոցը փոխենք, ինչպիսի արշավ կլինի մեր դեմ... Ահա այսպիսի ցավալի իրավիճակ ունենք այսօր: |
Լևոն Իգիթյան, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ
Մենք ունենք Մյասնիկյանի պողոտա, այդ «Ելք» խմբակցությունն, էդ նորածին, ինչ ասեմ, Մյասնիկյանի չափ գործ արած կա՞: Ո՞վ ասաց՝ կոմունիստները բոլորը սրիկա էին ու անարժան մարդիկ... Երբ ավագանու նիստերը կսկսվեն, ու նրանք կոնկրետ հարց կդնեն, անկեղծ ու կտրուկ խոսակցություն կունենանք: Էդ պստիկ մարդիկ թող իրենց քաշից ավելի բեռ չվերցնեն իրենց վրա: |
Արշալույս Մղդեսյան, լրագրող, փորձագետ
Փողոցների «ապակումունիստական» անվանափոխության մասին։ Ժող, պարապ ե՞ք մնացել, շոգի՞ց է, թե՞ կպել եք «մեռելներին», քանի որ իրենք օբոռոտկա չեն կարա ֆռան։ Նույն օպերայից են ԵԱՏՄ-ն լքելու մասին հայտարությունները։ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ռիսկերը գնահատե՞լ եք։ Մնաց Արցախը ճանաչելու առաջարկությունը, դա էլ արեք ու դեմագոգիայի (իբր եվրոպամետ մասսային եք ուզում գրավել ձեր կողմը) սահուն ճանապարհով կգնանք դեպի «Ժառանգություն»։ Մի արեք տենց բան, էդ ճանապարհով գնացել են ու կես ճամփին քանդվել։ |
Տիգրան Արեգունի, օգտատեր
Հետաքրքիր է, մարդիկ կան ծայրաստիճան ցավոտ են տանում Լենինգրադյան փողոցի անվանափոխման առաջարկը: Տեսնես ինչի՞ց է: |