«Եվս 5 տարի Երևանի քաղաքապետ կլինի մեկը, ով այդ պաշտոնն ասոցացնում է բացառապես աղբը մաքրելու, ասֆալտը կարկատելու և թափառող շների վրա կրակելու հետ»․ քաղաքացիների արձագանքը
Երևանի` մայիսի 14-ին կայացած ավագանու ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն, որի օգտին է քվեարկել ընտրողների 71.25%-ը (240 036 քվե): Երկրորդ տեղում է «Ելք» դաշինքը՝ 21.00%-ով (70 731 քվե), «Երկիր ծիրանի» կուսակցությունն ստանում է ձայների 7.75%-ը (26 109 քվե): |
«Ելք» դաշինք
ՀՀԿ նախընտրական շտաբներից համատարած կաշառքներ են բաժանվել, որն ունեցել է կազմակերպված ու կենտրոնացված բնույթ։ Իրավապահները ցուցաբերել են համատարած անգործություն, որոշ դեպքերում հովանավորել են գործընթացը։ Ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին: Մենք ունենք վստահության կայուն հենարան ու մեր խնդիրն է մեր համակիրների բազմությունը բազմապատկել։ Մենք չկարողացանք քաղաքացիներին համոզել չքվեարկել ըստ ընտրակաշառքի ու առաջիկայում պետք է այդ ուղղությամբ աշխատենք: |
Գագիկ Համբարյան, քաղաքագետ
Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվից կարելի է հաստատ ասել, որ այս ընտրություններում պարտություն են կրել բոլոր քաղաքական ուժերը: ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն` 842 147 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է 40,99%: |
Հովհաննես Ազոյան, դերասան
Շնորհավորում եմ հանրապետականին ջախջախիչ հաղթանակի համար… երկիրը ջախջախված է: Դե ինչ… սպասենք նոր «Սասնա ծռերի»: |
Վահան Արծրունի, երաժիշտ
Կարծում եմ` այն հիասթափությունը, որը մայրաքաղաքի բնակիչն ապրեց երրորդ անգամ, ստացավ իր հերթական արտահայտությունը: Այն, ինչին չի կարելի հավատալ, չի գրավում քաղաքացուն: Քաղաքական նույն տեխնոլոգիաներն էին օգտագործված այստեղ, նույն լուծումները: Առաջին հերթին երեկվա հավաքված բոլոր փաստերը պետք է մտնեն դատարան, և կա՛մ անվավեր ճանաչեն այս ընտրությունները, կա՛մ գոնե պատժեն նրանց, որոնք խախտել են օրենքը: |
Արամ Մանուկյան, օգտատեր
Հուսով եմ՝ Զարուհին ու Նիկոլը մի օր կգտնեն այն Ելքը, որը մեզ բոլորիս կմիավորի ու կտանի դեպի ծիրանագույն հաղթանակ: |
Գևորգ Դարբինյան, ակտիվիստ
Ասում եք՝ կրկին ազդել է ընտրակաշա՞ռքը.... ՀՀԿ-ն ընդամենը ընտրողների 30 տոկոսի ձայներն է ստացել, ժողովուրդ: Սեփական անպատասխանատու մոտեցումը մի՛ թաքցրեք շաբլոնային պատճառաբանությունների տակ: Էս էդ դեպքը չի: Խոսքս վերաբերում է ընտրություններին չմասնակցող՝ թախտին նստած հայհոյողներին: |
Դավիթ Հարությունյան, օգտատեր
Եվս 5 տարի Երևանի քաղաքապետ կլինի մեկը, ով քաղաքապետի պաշտոնն ասոցացնում է բացառապես աղբը մաքրելու, ասֆալտը կարկատելու և փողոցային շների վրա կրակելու հետ, և չունի ոչ մի երազանք, ոչ մի ձգտում ու նպատակ քաղաքում ինչ-որ բան փոխելու... |
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Ինչպիսի օրինաչափություն՝ բռնապետությունը հենց կնոջ վրա է ձեռք բարձրացնում: Նիկոլին երեկ գոնե չփորձեցին ձերբակալել: Ամեն ինչ ճիշտ է՝ և հենց կանանց ձեռքից էլ կործանվելու է բռնապետությունը, քանզի կանայք ոչ թե աթոռի կամ փողի համար են կռվելու, այլ հանուն երեխաների... Բռնակալությունը միշտ սկսվում է ընտանեկան բռնությունից, նախևառաջ կանանց հանդեպ: Այսօր մենք տեսանք ոչ թե քաղաքական առանձին դրվագ, այլ արդի հայոց պետության և հանրության մի ստվար զանգվածի գռեհիկ իրական պատկերը: Այստեղ ոչ մի պատահական բան չկար: Զարուհի Փոստանջյանը կին է, և դա նրան ներել չեն կարող: ՀՀ քարանձավային իշխող դասն իր դատավճիռն է կնքել այսօր, որքան էլ դա պաթետիկ չհնչի: Ոչ թե ապստամբությանը, ոչ զանգվածային ցույցերին, ոչ էլ թշնամու հարձակմանը, այլ մեկ կնոջ ձայնի և ոգու ուժին չդիմացավ այս ոհմակը: |
Թամար Հովհաննիսյան, դերասանուհի
Քայլում եմ Երևանի կենտրոնական փողոցներով, տեսնում եմ հողակույտեր և պաստառներ՝ Ավելի բարեկարգ Երևան: Ի հակառակ պաստառի բովանդակությանը իմ սիրուն, փոքրիկ վարդագույն Երևանը պատվել է կանաչ-կապույտ պլպլան ապակեպատ երկնաքերներով: Մարդիկ, ովքեր իրենց կյանքում միայն Դուբայը տեսան, որպես քաղաքակրթության կենտրոն, փորձում են իրենց խելքով «բարեկարգել» Երևանը: Արդեն տասնհինգ տարի քաղաքապետարանը գործում է՝ փողի վրա նստած լինելու բանաձևով: Ներկա քաղաքապետը տարին տարվա վրա շատ ուտելուց գիրանում է, բայց չգիտես ինչու՝ բոլոր մարդկանց պես չի կլորանում, այլ քառակուսի է դառնում, սա էլ ուղեղից է: Եվ ահա մարդիկ, ովքեր չգիտեն ինչ է քաղաքը, քաղաքային մշակույթը և հատկապես չգիտեն ինչ էր Երևանը, որն էր գույնը, բույրը այս քաղաքի պարտադրում են այս կեղտոտ առուծախի արդյունքում առաջացող մի օտար քաղաք: Առուծախ, որից լցնում են իրենց գրպանները, իսկ իմ սրտից արյուն է գնում: |
Նարեկ Գալստյան, օգտատեր
Քաղաքապետի ընտրությունների հետ կապված. երեկ ընտրության չեմ գնացել, որովհետև կարծում եմ, որ իրականում ընտրություն չկար: Տարոն Մարգարյանին ձայն չէի տալու ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ անդամ է, այլ միայն նրա համար, որ Երևանն իմ կարծիքով վերածվել է մեծ արևելյան շուկայի, որտեղ չկա ո՛չ ֆանտազիա, ո՛չ էլ հոգածություն: Գերծանրաբեռնված կենտրոն, լքված արվարձաններ, խայտառակ վատ ճանապարհներ, չնորոգված շքամուտքեր ու ադրենալինի արտադրության հասցնող վերելակներ: Նիկոլին ու Զարուհուն էլ ձայն չեմ տվել, որովհետև իրենց ո՛չ քաղաքի մենեջեր եմ համարում, ո՛չ էլ կառավարչական հմտություններ ունեցող գործիչներ: Ոչ քաղաքական ընտրություն էր, որտեղ կրկին չկար օրակարգ ու ծրագրային բախում: Կրկին վստահ եմ, որ անհրաժեշտ է գաղափարական, օրակարգային տարբերություն թելադրող ուժ... |
Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ
Ասել, որ Տարոն Մարգարյանին սպասվում է անհոգ 5-ամյակ, իհարկե կլինի չափազանցություն: Այն կազմը, որը մտնում է ավագանի, պետք է ամեն անգամ Տարոն Մարգարյանին հուշի, որ իր մոտ չի ստացվելու: Այսինքն` փողոցը տարին 5 անգամ ասֆալտել չի ստացվի, իսկ գիտական բացատրությունները, թե ինչու Երևանում տրանսպորտը պետք է լինի ռուսական գազով և գազելներով, չի լինելու: Բացի դրանից, ցանկացած ավելորդ ծախս, որը թույլ կտա Երևանի քաղաքապետարանը Երևանի բյուջեից, դառնալու է հանրության ուշադրության առարկան: Այդ առումով, ես կարծում եմ, որ կունենաք քիչ այլ որակի տնտեսության կառավարում: |