Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամեն նկարահանման օրն ավարտվում էր մեկ րոպե լռությամբ». «Երկրաշարժ» ֆիլմի հերոսները` պրեմիերայից հետո

13:15, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
«Ամեն նկարահանման օրն ավարտվում էր մեկ րոպե լռությամբ». «Երկրաշարժ» ֆիլմի հերոսները` պրեմիերայից հետո

Սարիկ Անդրեասյանի մեծ աղմուկ բարձրացրած «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերայից հետո հուզված էին նաև դերասանները: Հրանտ Թոխատյանը MAMUL.am-ի հետ զրույցում ասաց, որ նկարահանումների ընթացքում կարծես տեղափոխվել էր 88-ի Լենինական:

«Նույն հուզումը կար նաև նկարահանման հրապարակում, նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր կադրից դուրս էին աշխատում: Սա այն եզակի դեպքերից էր, երբ նկարահանումների ողջ ընթացքում դերասաններից ոչ ոք հրապարակից չէր հեռանում, և ամեն նկարահանման օրն ավարտվում էր մեկ րոպե լռությամբ»,- պատմեց դերասանն, ով դժվարացավ առանձնացնել առավել բարդ տեսարանը, միայն նշեց, որ ֆիլմում իր մահվան տեսարանը թույլ չի տվել աղջկան դիտել:

Դերասան Արմեն Մարգարյանն էլ պրեմիերայից հետո դժվարացավ խոսել. «Ամեն ինչ երևում է էկրանից: Այն, որ ողբերգությունը նորից վերածնվում է, դա լավ չի, բայց դա խոսում է ֆիլմի հաջողության մասին: Ֆիլմը ստացվել է: Թեև ասում են` շատ հուզիչ է և դրվագները խեղդելու աստիճան շատ են, բայց մենք իրականությունից չենք փախչի: Էդպես է եղել: Ամեն պատկեր ու տեսարան խորը վիշտ ունի: Սա յուրահատուկ արվեստի գործ է, որտեղ կա կարեկցանք, սեր և հուզականություն: Մենք չգիտենք` ինչ կլինի հաջորդ վայրկյանին: Ֆիլմն օգնում է հասկանալ, որ կյանքի ամեն րոպեն թանկ է»,- նշեց դերասանը:

«Ես ֆիլմից հետո 15 րոպե բարձրաձայն արտասվել եմ, չեմ կարողացել խոսել: Գիտեմ, որ դա ֆիլմ է, բոլորը ողջ են, բայց, միևնույն է, զգացմունքները հորդում են: Ես շատ կորուստներ եմ ունեցել իմ կյանքում, գուցե դրա համար եմ այսչափ հուզվել։ Ֆիլմը դիտելիս իմ կողքին մի հայ կար. հանգստացնող կաթիլներ էինք խմում, իրար թաշկինակ էինք փոխանցում, իսկ հետո գրկախառնվել էինք կարծես հարազատ մարդիկ: Հրաշալի ֆիլմ է` խորը, լուրջ և իրական: Ես երջանիկ եմ, որ այս ֆիլմում իմ մասնակցությունն ունեմ, որ առիթ ունեցա լինելու այդքան տաղանդավոր հայ դերասանների կողքին»,- պատմեց դերասանուհի Իրինա Բեզրուկովան։

Գրեթե մեկ տարվա բարդ և տաժանակիր աշխատանքի, և բազում անքուն գիշերների արդյունքում Հայկոյին հաջողվեց ստեղծել ֆիլմի համար ներդաշնակ երաժշտություն:

«Դժվար էր այս թեմային անդրադառնալը, բայց ստացվեց: Ամենակարևորը փորձել ենք այնպես անել, որ երաժշտության մեջ կյանք և հույս լինի: Առաջին նկարած կադրերից արդեն հասկացա` ինչ է պետք»,- մեզ հետ զրույցում պատմեց Հայկոն:

Ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ նշեց, որ ֆիլմն ի սկզբանե չի ստեղծվել «Օսկար» ստանալու համար և կարևորը հանդիսատեսի գնահատականն է: «Կարևոր է բարդ բաների մասին պարզ լեզվով խոսելը»,- նշեց Սարիկ Անդրեասյանն, ում խոսքով` ֆիլմը նաև մարդասիրական կոչ էր դարի աղետների և պատերազմների ֆոնին:

3501 | 0
Facebook