Այն բանից հետո, երբ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը քննարկում է ռուսական ալյումինի դեմ պատժամիջոցների 3 տարբերակ, ներառյալ դրա ամբողջական արգելքը, Մոսկվայի բորսայում RUSAL-ի գնանշումները կտրուկ ընկել են 4,6%-ով՝ 36,57 ₽-ուց հասնելով մինչև 35,05 ₽ մեկ ակցիայի համար:
Ալյումինի մատակարարումները վաղուց զերծ են մնացել պատժամիջոցներից՝ մեծ թվով արտադրողների համար դրա կարևորության պատճառով: Մետաղն օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ ավտոմոբիլային արդյունաբերությունից և երկնաքերերի կառուցումից մինչև բջջային հեռախոսների արտադրություն:
Ռուսաստանի Դաշնությունը մետաղների արտադրությամբ աշխարհում երկրորդն է Չինաստանից հետո։
Չորեքշաբթի օրը Bloomberg-ը հաղորդել է, որ Սպիտակ տունն այժմ դիտարկում է 3 հնարավոր սցենար՝ ռուսական ալյումինի ամբողջական արգելք, մաքսատուրքերի բարձրացում այն մակարդակի, որը կհանգեցնի դրա արգելքին և պատժամիջոցների սահմանում United Co. Rusal International-ի դեմ։
Փորձագետների կարծիքով՝ այս միջոցները «հեռահար հետևանքներ կունենան ալյումինի համաշխարհային շուկայի համար», քանի որ կստիպեն ամերիկյան և ռուսական մետաղի այլ սպառողներին շտապել դրան փոխարինող գտնել։