Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նույն աշխարհը աչքերը փակում է, երբ Արցախում պատերազմ է, ու բացում է, երբ Աֆղանստանում իշխանափոխություն է». Տ. Սիմոնյան

00:36, երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ.
«Նույն աշխարհը աչքերը փակում է, երբ Արցախում պատերազմ է, ու բացում է, երբ Աֆղանստանում իշխանափոխություն է». Տ. Սիմոնյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «ԺԱՄԱՆԱԿԻ, ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՄԵՐ ՄԱՍԻՆ
     Բրոնզեդարից մինչև Համացանցի դար, Լիբանանից մինչև Աֆղանստան եթե մեջտեղում մի փոքր ուշադիր լինեք, ապա հեշտությամբ կտեսնեք ընդհանուր օրինաչափություն, որ մեծամասնության մոտ արտահայտվում է։
     Մարդկանց մեծամասնությունն իրեն համարում է ժամանակի մեջ ընթացող շարժման առանձնահատուկ մասնակից։ Եվ նրանք բոլորը անցյալը տեսնում են որպես հստակ, իսկ ապագան՝ անորոշ աշխարհ։ Ավելին՝ իրենց կենսական էներգիան, շարժիչ ուժը քաղում են անցյալից և անցյալի կաղապարներով նետվում ապագա, որը երբեք չի համապատասխանում անցյալի կառուցվածքներին։
     Տարօրինակն այն է, որ նրանք անակնկալի են գալիս ու հիասթափվում, որ իրենք չեն արժանանում իրենց «արժանի» ապագային։
     Չխորանանք «օբյեկտիվ» ժամանակի թերի, գծային ընկալման մեջ, բայց ուշադրություն դարձնենք, որ նույն անում են նաև ազգերը և հատկապես մենք՝ հայերս։
     Մեր հիմնական էներգիայի աղբյուրը փնտրելով ու երբեմն գտնելով անցյալում, մենք ինքնաոգևորվում ենք, երբեմն՝ ինքնահաստատվում՝ ապագայից ու մյուս ազգերից ակնկալելով, որ մեզ մատուցեն մեր անցյալի դափնիները, ներկայիս խոնարհումը, կրած վնասների փոխհատուցումը և ընդհանրապես՝ երկրպագություն։
     Ինչպես Նիցշեն էր ասում. «Ով ուզում է ավելի շատ սիրված լինել, քան սիրել, ցանկանում է նվեր ստանալ ինքն իրեն»։
     Այս ամենով հանդերձ մոռանում ենք այսօրվա կանոնակարգված աշխատանքի և ծրագրավորվող ապագայի միջև պատճառահետևանքային կապը՝ հույս ունենալով, որ անցյալից «էներգիայի մշտնջենական ճառագումը» ինքնահոսով կառուցելու է մեր երեխաների ապագան, իսկ մենք այդ ընթացքում հպարտ հայացքով կհիշենք մեր անցյալը և կամաց֊կամաց կմոռանանք ապագան ...
     Սակայն աշխարհն այդպես չի աշխատում։
     Աշխարհը «պարգևատրում» է նրան, ով ծրագրավորում և գործում է, մինչև մյուսները ենթադրում ու ակնկալում են։
     Մեծ Հայքը դարձավ Մեծ Հայք, որովհետև Արտաշեսը ծրագրում և գործում էր, ոչ թե ակնկալում, որ մարդկությունն Արարատյան և Երվանդունիների հարստության ժառանգությունը կպահի, կփայփայի...
     Բարդ բան չկա ...
     Ընդամենը պետք է ամենօրյա կանոնակարգված աշխատանքով բառիս բուն իմաստով ԿԱՌՈՒՑԵՆՔ ապագան՝ Անկախության հռչակագրում նկարագրված Հայաստանը, կապենք այսօրվա մեր գործերն ու մեր թոռների ծոռի Հայաստանը...
     Ոչ թե ակնկալենք, որ ինչ֊որ մեկը ինչ֊որ մի տեղից գալու է, մեր թախծոտ աչքերի համար պահպանի ու զարգացնի մեր երկիրը,
     Կամ ոչ թե «ի սրտե» անակնկալի գանք, որ մի քանի օրում նույն աշխարհը աչքերը փակում է, երբ Արցախում պատերազմ է, ու բացում է, երբ Աֆղանստանում իշխանափոխություն է ...»։

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
3537 | 1
Facebook