Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Ասացի՝ բողոքելու եմ վարչապետին, ասում է՝ ուզում ես Բայդենին դիմիր». քաղաքացու երկրորդ բողոքը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի դեմ

16:44, երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ.
«Ասացի՝ բողոքելու եմ վարչապետին, ասում է՝ ուզում ես Բայդենին դիմիր». քաղաքացու երկրորդ բողոքը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի դեմ

Քաղաքացի Կարեն Այվազյանը կրկին բողոքով դիմել է MAMUL.am լրատվականի խմբագրություն՝ ներկայացնելով իրավիճակը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում:

Ստորև՝ նրա նամակն ամբողջությամբ. «27.03.21թ. ես MAMUL.am-ի խմբագրություն եմ ուղարկել իմ բողոքը՝ կապված Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ-ի անմարդկային գործողությունների դեմ:

Այսօր ցանկանում եմ ներկայացնել այս պատմության շարունակությունը: Հիշեցման կարգով նախ նշեմ, որ 13.03.2021թ. Աշտարակ ԲԿ-ի կողմից Տրիաժ կենտրոնի միջոցով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ բուժհաստատության Covid-ի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել իմ տատը՝ Փառանձեմ Գևորգի Մուրադյանը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ:

Սկսած 13.03.2021թ-ից ես իմ հարազատի վիճակի վերաբերյալ բժշկական անձնակազմի կողմից ստացել եմ իրարամերժ պատասխաններ: Այս հիմնախնդիրները ես ժամանակին բարձրաձայնել եմ բուժհաստատության տնօրենին, սակայն ի զարմանս ինձ, արժանացել տնօրենի կոպիտ պատասխանին. «Սոված եմ, գնում եմ հաց ուտեմ, չեմ կարող պատասխանել»:

Նշված 041.200.168 հեռախոսի համարը գրեթե միշտ անհասանելի է, իսկ երբ պատասխանում էր, տրվում էին անհեթեթ պատասխաններ: Մի անգամ Covid-ի բաժնի օրվա հերթապահին հարց եմ տալիս, թե այդ ինչպես է, որ հիվանդի կլինիկական վիճակի մասին օրվա ընթացքում բժիշկները տալիս են իրարից տարբեր հակասող պատասխաններ, ինձ պատասխանում է, որ 40 հիվանդ կա բաժնում, ոնց հիշեն, երբեմն հիվանդներին խառնում են իրար: Կարելի է կարծել ուղեբեռի մասին է խոսքը, ոչ թե մարդու:

Ամեն անգամ Փ. Մուրադյանի վերաբերյալ Covid-ի վերակենդանացման բաժնի վարիչ Նելլի Հակոբյանից հարցումներ անելու ժամանակ, ես զարմանում էի այս մարդու տարօրինակ վարվեցողության վրա: Հատկապես մի օր խոսակցության ընթացքում քննարկում էր Փ. Մուրադյանին դուրս գրելու հանգամանքը, սակայն մի քանի ժամ անց ժխտում իր ասածը՝ ասելով, թե ով է նման բան ասել: Հարկ եմ համարում ասել, որ տատիս վիճակի վերաբերյալ Ն. Հակոբյանից հարցումներ են արել նաև վերջինիս որդիները՝ Ուկրաինայից և Մոսկվայից, որոնց հետ և քննարկել է տատիս դուրս գրման փաստը:

26.03.21թ. մոտ ժամը 17. 00-ին ինձ են զանգել Covid-ի վերակենդանացման բաժնից և տեղեկացրել, որ տատս ունեցել է սրտի կանգ, ամեն ինչ անում են վերջինիս վիճակը լավացնելու համար, սակայն ոչինչ չեն խոստանում: Ակամա շտապեցի հիվանդանոց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տատիս վերաբերյալ ստացել եմ իրարամերժ պատասխաններ, դիմեցի ոստիկանություն՝ խնդրելով պարզել տատիս իրական վիճակը, հնարավորության դեպքում նաև տեսնել նրան: Սակայն դրական արդյունքի չհասա: Ոստիկանությունը տատիս չէր տեսել՝ համավարակով պայմանավորված:

Հարկ եմ համարում նկատել, որ ես թե Նելլի Հակոբյանին և թե տնօրեն Է. Բարսեղյանին խնդրել եմ թույլատրել տեսնել տատիս՝ Փ. Մուրադյանին, եթե դա էլ հնարավոր չէ, գոնե տեսակապի միջոցով տեսնել կամ բջջային հեռախոսի միջոցով խոսել նրա հետ: Սակայն ոչ մի դրական արդյունքի չհասա: Սա հիվանդանոց չէ, այլ կատարյալ բանտ: Կարելի է ասել ինչ-որ բժշկական գաղտնիք են թաքցնում հիվանդների վերաբերյալ: Ինչ վերաբերում է բաժնի վարիչ Նելլի Հակոբյանին, ապա նրա հետ խոսելու ընթացքում ես չեմ զգացել, որ բժշկի հետ եմ խոսում, այլ կռվարար, բժշկական էթիկայի կանոնները մոռացած մարդու հետ:

Ճիշտ է, թե տնօրենը և թե բաժնի վարիչը ինձ չօգնեցին տատիս տեսնել, ոչ էլ վերջինիս հետ խոսել: Սակայն ես միջոցներ ձեռնարկեցի և բաժնի աշխատողները viber-ի միջոցով ինձ ուղարկեցին տատիս վերաբորող տեսանյութեր: Տեսանյութերի մեջ երևում է, թե ինչպես է տատս սկզբում հիվանդանոց գալու երկրորդ օրը իրեն լավ զգում, գովում աշխատակիցներին, սակայն հաջորդ տեսանյութերում երևում է տատիս վատ վիճակը, այն է՝ վախեցած, զարհուրած տեսքը, ձեռքը ուռած է, նա աշխատողին ասում է՝ «եթե իմ տղերքը իմ ձենը լսեն, իրիգունը մի թիքա բան կուզեմ, բան կուզեմ»: Այսինքն՝ ինչ է կատարվում այս հիվանդանոցում, ձեռքը ինչու էր ուռած, ինչ պետք է ուզեր իմ տատը: Հարկ է նկատել այն հանգամանքը, որ 26. 03.21թ. երբ ես դիմել էի ոստիկանություն, ոստիկանության աշխատողին՝ բաժնի և հիվանդանոցի օրվա հերթապահները ասում էին, որ վերակենդանացման բաժնում ընդհանրապես հեռախոս չի մտնում, հակառակ դեպքում սարքերը չեն աշխատի, կխափանվի աշխատանքը...

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տատիս մոտավորապես 16 օր չէի տեսել, իսկ Նելլի Հակոբյանի անկապ պատասխանները ինձ մտատանջության մեջ էին դնում, 29.03.21թ. վերստին զանգահարեցի ոստիկանություն, հաղորդում տվեցի՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել տատիս տեսնելու և վերջինիս գտնվելու վայրը պարզելու համար:
     Գտնվելու վայրը պարզելը դա նպատակ էր հետապնդում հասկանալ՝ արդյոք տատս ողջ է, թե ոչ, գուցե արդեն իսկ մահացել է և տեղափոխել են դիահերձարան:

Բացի այն, որ ես էի դիմել ՀՀՈ, նաև Ուկրաինայի հանրապետությունից ՀՀՈ զանգել և հաղորդում էին տվել Փ. Մուրադյանի տղաները՝ նույն խնդրով, պարզել հիվանդի իրական վիճակը և գտնվելու վայրը:

ՀՀՈ Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանը ժամանեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ՝ իբր իմ հաղորդմանը ընթացք տալու համար: Վերջինս, բարձրանալով Covid-ի վերակենդանացման բաժանմունքի ընդունարան, 4 րոպե հետո իջավ, ասելով՝ տատդ ծայրահեղ ծանր է: Իմ այն հարցին, թե տատիս տեսավ, թե ոչ, ասում է. «Ես ընտանիքի տեր եմ, երեխեք ունեմ, հո չեմ տանելու երեխեքիս վարաքեմ», արձանագրեց իմ տվյալները ու հեռացավ: Հարգելի լրատվամիջոցներ, դե պատկերացրեք, սա է մեր ոստիկանի իրական կերպարը՝ անգործության մատնված լինելը, քաղաքացիների դիմումներին, բողոքներին իմիջիայլոց վերաբերելը: Ապշած մնացի:

Նույն օրը երեկոյան՝ ժամը 21.10-ի սահմաններում, սեփական նախաձեռնությամբ ինձ է զանգել Covid-ի վերակենդանացման բաժնի վարիչ Նելլի Հակոբյանը, որի հետ խոսեցի տատիս ընթացիկ վիճակի վերաբերյալ, սակայն իրեն բնորոշ բնավորությամբ կոպիտ ձևով պատասխանեց իմ հարցադրումներին՝ ինձ վիրավորելով ու անպատվելով: Հարգական «Դուք»-ի փոխարեն ինձ հետ խոսում էր փողոցային ժարգոնով: Ինձ ասում է. «Միայն դու ես ինձանից դժգոհ, ես Հայաստանի լավագույն բժշկուհին եմ: Դիմիր հոգեբանի, դու հոգեբանի կարիք ունես»:

Ես ասացի, որ բողոքելու եմ ՀՀ վարչապետին, ինձ ասում է. «Ուզում ես Բայդենին դիմիր»:
     Խնդրեմ հարգելի լրատվամիջոցներ, այս մարդը, ով հարգանք չունի ոչ սեփական պետության ղեկավարի, ոչ էլ իր տված երդումն է հարգում, արդյոք կարող էր կամ ունակ էր իմ տատին առողջացնել:

Ես Նելլի Ռուբենի Հակոբյանի դեմ բողոքել եմ ՀՀ վարչապետին, ՀՀ առողջապահության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ԱԱԾ-ին՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել Ն. Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և վերջինիս արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:

30.03.2021թ. տատս՝ Փ. Մուրադյանը, մահացավ այս սպանդանոցում:
     Ես ամեն անգամ, երբ մտնում էի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, ինձ համար արդեն պարզ էր, որ տատս այդտեղից առողջացած դուրս չէր գալու՝ հաշվի առնելով հակասանիտարահիգիենիկ վիճակը, ոչ մի ախահանիչ միջոց ամբողջ հիվանդանոցում չկա: Եթե Փ. Մուրադյանը հիվանդ էլ չլիներ, ապա այս հակահիգիենիկ վիճակը բավարար էր, որ մի շարք հիվանդությունների հարուցիչներով վարակվեր, հյուծվեր ու մահանար:
     Ես ցանկանում եմ, որ իմ այս հայտարարությունը տեղ գտնի լրատվականում, տարածվի և մերկացվի այս խայտառակ հիմնարկի ողջ հակամարդկային գործելաոճը»:

Դիմող՝ Փ. Մուրադյանի թոռ՝ Կ. Այվազյան

11115 | 0
Facebook