Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Միջազգային

Բրազիլիայում կառուցվում է Հիսուսի նոր արձանը․ այն ավելի բարձր կլինի, քան Ռիոյինը

23:56, երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ.
Բրազիլիայում կառուցվում է Հիսուսի նոր արձանը․ այն ավելի բարձր կլինի, քան Ռիոյինը

Բրազիլիայի հարավում գտնվող Էնկանտադու փոքրիկ քաղաքում կառուցվում է Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձաններից մեկը։ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող արձանից այն 5 մետրով բարձր կլինի, հաղորդում է BBC-ն:
     43 մետր բարձրությամբ արձանն սկսել են կառուցել 2019 թվականին։ Ապրիլի սկզբին ամրացրել են արձանի ձեռքերն ու գլուխը։ Ձեռքերի միջև տարածությունը 36 մետր է, իսկ կրծքավանդակի շրջանում՝ մոտ 40 մետր բարձրության վրա, կլինի դիտահրապարակ, որտեղ զբոսաշրջիկները կբարձրանան վերելակի օգնությամբ։ 350 հազար դոլար արժողությամբ նախագծին նվիրատվություն են կատարել նաև տեղի բնակիչները։
     Հիսուս Պաշտպանի արձանի գաղափարը 2016 թվականին առաջարկել է տեղի քահանա Ժուա Գրանզոտին, որն այդ կերպ ցանկացել է ցույց տալ Քրիստոսի հանդեպ սերը: Նրան աջակցել է քաղաքապետ Ադրոալդո Կոնզատին, ով մարտին մահացել է COVID-19-ից:
     Այժմ շինարարական աշխատանքները ղեկավարում է «Քրիստոսի ընկերների ասոցիացիան»։
     Բետոնից և երկաթից արձանի կառուցումը կավարտվի օգոստոսին, իսկ հանդիսավոր բացումը նախատեսված է այս տարվա վերջին: Ասոցիացիայում հուսով են, որ այն կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը և կդառնա քաղաքի գլխավոր տեսարժան վայրը:

| | |
3008 | 0
Facebook
COMMENT.am