Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել

14:25, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015թթ. օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնն զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5.712.550 ՀՀ դրամի հափշտակությանը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Հ-ն, փաստացի կատարելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011-ի ապրիլի 22-ին աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Վերջինս, տեղեկացված լինելով Ա. Հ-ի կողմից փաստացի նախարարի վարորդի պարտականությունները կատարելու մասին, ներկայացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա. Հ-ի հետ՝ 2011-2015թթ. ընկած ժամանակահատվածում նրան աշխատանքի նշանակելով նախ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետև` նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա` Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին:

Ա. Հ-ն վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և առանց համապատասխան պաշտոններից բխող գործառութային պարտականությունները կատարելու ՀՀ պետական բյուջեի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը հատկացված միջոցներից աշխատավարձի և դրամական այլ բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված և պետական կառույցի բյուջեից ելքագրված 5.712.550 ՀՀ դրամ գումար և այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը:

Առաջադրված մեղադրանքում Ա. Հ-ն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

| | |
1997 | 1
Facebook
COMMENT.am