ԿԳՄՍ նախարարությունն օրենք է խախտում. ՀՊՏՀ ուսանողներ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները հաղորդագրություն են տարածել՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունն օրենք է խախտում: «ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի պաշտոնավարումն արհեստականորեն ձգձգելն այնքան բացահայտ հովանավորչությամբ է կատարվել, որ ԿԳՄՍ նախարարությունն այժմ չի կարողանում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության հարցումներին պատասխանել: Պարզապես չգիտեն՝ ինչպես հիմնավորել բացահայտված կեղծիքները: Ահա այս պարզ հարցերին, որոնց պատասխանները մի քանի րոպե են պահանջում, նախարարությունը 5-օրյա ժամկետի փոխարեն 30-օրյա ժամկետում է պատրաստվում պատասխանել: Խնդիրն այն է, որ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, եթե հարցմանը պատասխանելու համար «լրացուցիչ աշխատանքի» անհրաժեշտություն կա, ապա 5-օրյա ժամկետում այդ անհրաժեշտության մասին հայտնելուց բացի՝ պետք է նշվեն նաև դրա ՊԱՏՃԱՌՆԵՐԸ: Ինչպես տեսնում ենք, նախարարության պատասխանում պատճառները նշված չեն: Հասկանալի է, որ հարցերն այնքան պարզ են, որ դրանց հետ կապված լրացուցիչ աշխատանք կատարելու պատճառներ հորինելն ուղղակի անհնար է, ուստի՝ կեղծիքը կոծկելու միակ տարբերակը օրենքի խախտումն է եղել: Բայց, ինչպես արդեն բազմիցս ապացուցել ենք մեր պայքարի ընթացքում, կեղծիքները մեզանից կոծկել նույնիսկ օրենքի խախտումով է անհնար. նոր հարցումով ուսանողներից մեկն արդեն դիմել է նախարարին՝ խնդրելով 3 նախադասությամբ նկարագրել այդ «լրացուցիչ աշխատանքը», որի համար 30 օր են պահանջել: Կարծում ենք՝ արդեն բոլորն են հասկացել, որ անիմաստ է հուսալ, թե կեղծիքների և անարդարության դեմ մեր պայքարը կարող է ինչ-որ պահի դադարել: |