ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իրաքում ամերիկյան ռազամաբազայի վրա Իրանի իրականացրած ավիահարձակումների հետ: Նա նախ նշել է, որ քանի դեռ ինքն ԱՄՆ-ի նախագահն է, Իրանին երբեք չի թույլատրվի ունենալ միջուկային զենք: Այնուհետև Թրամփը փաստել է, որ իրանական ավիահարվածների հետևանքով զոհեր չկան. նախազգուշացնող համակարգը ճշգրիտ է գործել ու տեղեկացրել է սպասվող ավիահարվածի մասին: «Մեր բոլոր զինվորներն ապահով են, մեր ռազմաբազաները նվազագույն վնասներ են կրել: Ոչ մի ամերիկացու կամ իրաքցու կյանք չի ընդհատվել»,- ասել է նա:
Միաժամանակ նա հայտնել է, որ ԱՄՆ-ը նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ՝ կոչ անելով դաշնակիցներին՝ հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Ուղերձի վերջում ԱՄՆ-ի նախագահը դիմեց Իրանի ժողովրդին և առաջնորդներին՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ը պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։
Սպիտակ տան ղեկավարը, ավարտելով շուրջ տասը րոպե տևած ուղերձը, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։