Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

ՏԶՆԿ-ն՝ հայկական շուկա ներմուծված թուրքական ծագման լոլիկի ու կարտոֆիլի մասին

13:05, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
ՏԶՆԿ-ն՝ հայկական շուկա ներմուծված թուրքական ծագման լոլիկի ու կարտոֆիլի մասին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը հաղորդագրություն է տարածել. «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ հայկական շուկա թուրքական ծագման լոլիկ ու կարտոֆիլ է ներմուծվում: Նշենք, որ ի տարբերություն լոլիկի, դիտարկվող ժամանակահատվածում Թուրքիայից կարտոֆիլ չի ներմուծվել: 2019-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 4,231.7 տոննա կարտոֆիլ 2018-ի նույն ժամանակահատվածի 1,941.3 տոննայի համեմատ՝ գերազանցելով 2018-ի ցուցանիշը 2.2 անգամ: Նշված ժամանակահատվածում տեղական կարտոֆիլի բերքը կրճատվել է 8.4%-ով:

Ինչ վերաբերում է լոլիկի ներմուծմանը, ապա դիտարկվող ժամանակահատվածում ներմուծման ծավալներն աճել են 12.6 անգամ՝ կազմելով 3,496.4 տոննա: Նշենք, որ 2019-ի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ լոլիկի արտահանման ծավալները կրճատվել են 32.2%-ով, մինչդեռ Հայաստանը լոլիկ արտահանող երկիր է համարվում: Կարելի է հետևություն անել, որ տեղական լոլիկի բերքի ծավալները ևս կրճատվել են:

Հետաքրքրական է նկատել, որ 2019-ին 2018թ. նկատմամբ կարտոֆիլի մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքը զգալիորեն՝ 48%-ով կրճատվել է՝ կազմելով 0.42 ցենտ, իսկ լոլիկի պարագայում՝ 56% աճ է արձանագրվել՝ կազմելով 0.6 ցենտ: Կարտոֆիլի պարագայում մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքի անկումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը հիմնականում բերքի կրճատումը լրացնելու նպատակով ներմուծել է ԵԱՏՄ տարածքից կարտոֆիլ՝ ծավալների 78.6%-ի չափով (տե՛ս գծապատկեր):

2019-ի 9 ամիսներին Հայաստան կարտոֆիլ հիմնականում ներմուծվել է ՌԴ-ից, Բելառուսից, Իրանից ու Պակիստանից, որտեղից 2018-ին ընդհանրապես ներմուծում չի իրականացվել:

Լոլիկի դեպքում 2019-ի 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ, մինչդեռ 2018-ի 9 ամիսներին Թուրքիայից լոլիկ չէր ներմուծվել առհասարակ: Իսկ Իրանից ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 40 անգամ 2018-ի համեմատ:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում համախառն բերքի կրճատման պատճառով ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018-ի համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018-ի 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին»:

| | |
2492 | 1
Facebook