«Սա ի՞նչ է նշանակում, կապիտալը ՀՀ-ից գնո՞ւմ է, թե՞ ինչ է կատարվում: Սա աննախադեպ է, անցած բոլոր տարիներին նման դեպք չի եղել». նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում, վկայակոչելով վիճակագրական տվյալները, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նշենք, որ ըստ պաշտոնապես ներկայացված վիճակագրության, 2019թ. հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում ներհոսքն ու արտահոսքը համապատասխանաբար 152 և 144 միլիարդ դրամ են եղել: Տարբերությունը 7,8 միլիարդ դրամ է կամ 15 միլիոն դոլար:
Նախարար Տ.Խաչատրյանը համեմատությունը ճիշտ չհամարեց: «Դուք 6 ամսվա թվեր եք համեմատում, փորձում եք շատ կարճ ժամանակահատվածի վերաբերյալ եզրահանգումների գալ: Կարճաժամկետում եզրակացություններ պետք չէ անել, եկեք սպասենք՝ տարին ավարտվի»,- ասաց նախարարը:
Նա պնդեց, որ տարեվերջին այլ պատկեր ենք ունենալու:
Այդ պնդման հետ անհամաձայնություն հայտնեց Մ. Մելքումյանը՝ իր հերթին նշելով, որ թռիչքային աճ չենք ունենա:
Այն հարցին, թե որո՞նք են այն մեխանիզմները, որոնցով ՀՀ-ում ներդրողը պետք է ներդրում կատարի, նախարարն ասաց, որ այդ նպատակով ձևավորվել է ներդրումների աջակցման կենտրոն: