Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չի լինելու այնպես, երբ հերթագրված քաղաքացուն ասում էին՝ պետպատվերի գումարը վերջացել է». Արսեն Թորոսյան

15:10, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ.
«Չի լինելու այնպես, երբ հերթագրված քաղաքացուն ասում էին՝ պետպատվերի գումարը վերջացել է». Արսեն Թորոսյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության հարցերին՝ հստակեցնելով, թե որ դեպքում է ծնողը վճարելու և որ դեպքում՝ ոչ:

«Տեղամասային պոլիկլինիկայի բժիշկը կոնկրետ հիվանդությունը բուժելու կամ վիրահատելու պետական պատվերի ուղեգիր է տալիս պացիենտին՝ նշելով ինչ պետք է արվի, ինչ ախտորոշումով. չի նշվում միայն, թե որտեղ պետք է արվի, քանի որ դա արդեն հիվանդն է որոշում՝ որտեղ է իրեն հարմար վիրահատվել՝ մարզային մանկաբուժական հիվանդանոցո՞ւմ, թե՞ քաղաքային մանկաբուժական հիվանդանոցում»:

Ինչ վերաբերում է հերթագրմանը, Թորոսյանն ասաց, որ շուտով թղթային ուղեգրերից անցում են կատարելու էլեկտրոնայինի: «Ուղեգիր ունեցող հիվանդը մոտնեում է կոնկրետ հիվանդանոցի ընդունարան, որտեղ անցնում է համապատասխան հետազոտություններ: Այս պահի մեր բյուջետային հատկացումները թույլ են տալիս, որ հերթագրումը տեղի ունենան միայն բժիշկների ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով. այսինքն փողի պակասի դեպքում հերթագրում չի լինելու»,- տեղեկացրեց նա՝ հավաստիացնելով, որ հերթագրված քաղաքացին պարտադիր ստանալու է բուժսպասարկում և չի լինելու այնպես, երբ հերթագրված քաղաքացուն ասում էին՝ պետպատվերի գումարը վերջացել է:

«Մենք բուժհաստատություններին այնքան բավարար ֆինանսավորում ենք տալիս, որ որևիցե հավելյալ եկամուտ չակնկալեն պացիենտներից, և ակնկալելու դեպքում, պատրաստ ենք արագ արձագանքել»,- շարունակեց նախարարը:

Վարչապետի հարցին՝ դեղի գումա՞ր էլ չպիտի տան, պատասխանեց, որ հիվանդանոցի ներսում՝ ոչ, հետվիրահատական շրջանում՝ այո:

Վարչապետի հաջորդ հարցին՝ իսկ եթե լինեն դեպքեր, երբ ծնողը մտածում է, թե խնդիրը հիվանդանոցային է, բայց գնում, հետազոտվում են, պարզվում է, որ՝ ոչ, ուստիև հիվանդանոց պառկելու հարց չկա, այս ընթացքում արված հետազոտությունների համար ծնողը վճարելո՞ւ է թե ո՞չ, նախարարը պատասխանեց, որ՝ այո, վճարելու է. «7-18-ի դեպքում վճարելու են, իսկ ավելի ցածր տարիքի երեխաների դեպքում՝ ոչ: Ամեն դեպքում, նույնիսկ 0-7 տարեկան երեխաներին հիվանդանոց տանելիս, եթե անվճար պետք է բուժվեն, պարտադիր ունենալ ուղեգիր, որպեսզի ավելորդ խնդիրներ չծագեն»,- հորդորեց Արսեն Թորոսյանը:

2787 | 0
Facebook