Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՄԻԵԴ-ի խնդիրը խախտումներ թույլ տալու պրակտիկան վերացնելն է, ողջ պատասխանատվության կրողը պետք է լինի բացառապես պետությունը». Արա Ղազարյան

18:05, երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ.
«ՄԻԵԴ-ի խնդիրը խախտումներ թույլ տալու պրակտիկան վերացնելն է, ողջ պատասխանատվության կրողը պետք է լինի բացառապես պետությունը». Արա Ղազարյան

«Դա հետքայլ կլինի: Եթե իրականում նման որոշումներ լինեն, և դատական սխալների ու խախտումների համար պատասխանատվություն կրողը պետության փոխարեն լինեն դատարանները, ապա դա լրջորեն կազդի դատական համակարգի, դատավորների անկախության վրա: Այդ դեպքում ոչ ոք չի համաձայնի դատավոր, դատախազ, քննիչ, նոտար աշխատել». MAMUL.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը՝

խոսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից սահմանված ֆինանսական հատուցումը պետության փոխարեն դատարաններին վերապահելու վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների մասին:

Նա չհամաձայնեց ոմանց տրամագծորեն հակառակ այն պնդմանը, թե սխալի համար վճարելու հեռանկարը կստիպի դատարաններին իրական անկախ և ոչ թե օրվա իշխանությանը հաճո որոշումներ կայացնող մարմին դառնալ:

«Ընդհակառակը՝ դա կհանգեցնի, որ դատավորները խիստ զգուշավոր, պահպանողական որոշումներ կայացնեն: Նրանք կվախենան առաջադեմ որոշումներ կայացնել, ռիսկի գնալ: Ամբողջ դատական պրակտիկան կդառնա գործադիր իշխանության որոշումները դակող գործընթաց»,-կանխատեսեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հարցը կրկին քննարկման առարկա դարձավ, երբ հուլիսի 25-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը: Գործը վերաբերում է գույքի օտարմանը, որը տեղի էր ունեցել 2000թ. սկիզբ առած Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրագործման շրջանակում՝ սեփականության հարկադիր օտարման ժամանակ: Դիմումատուն 5 միլիոն 231 հազար 651 եվրոյի չափով արդարացի հատուցման պահանջ էր ներկայացրել: ՄԻԵԴ-ը, հաշվի առնելով կառավարության առարկությունները, հատուցման ենթակա գումար էր սահմանել 1 միլիոն 608 հազար եվրոն: Դա աննախադեպ մեծ է գումար է, և այդ համատեքստում կարծիքներ սկսեցին շրջանառվել, թե դա կարող է շղթայական ռեակցիա առաջացնել ու խնդիրներ առաջացնել ՀՀ պետբյուջեի համար:

Փաստաբան Ա. Ղազարյանը պետբյուջեի համար վտանգ չի տեսնում: Ըստ նրա՝ եթե անգամ դիմումներ լինեն, ապա դրանց վտանգը համարժեք չէ այն վտանգներին, որոնք պարունակվում են դատաիրավական խախտումներում:

«Բոլոր պետություններին էլ պետբյուջեից վճարում են խախտումների համար: Վարչական դատարանները ևս երբ որոշումներ են կայացնում, սահմանվում է, որ պետության բյուջեն քաղաքացու վնասի դիմաց պետք է հատուցի: Ուրեմն ինչ՝ վարչական դատարանները փակե՞նք, կամ վարչականի դատավորների վրա՞ դնենք պատասխանատվությունը: Ո՛չ իհարկե: ՄԻԵԴ-ում դատավարության կողմը պետությունն է: Տեսականորեն այդ կարծիքը բարձրացնում են, բայց դա չի ընդունվում, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումը կապված է վարքագծի հետ, կամ առերևույթ կոպիտ որոշում է կայացվել: Նման դեպքում միայն կարգապահական և որոշակի ֆինանսական պատասխանատվության են ենթարկում»,- նշեց փաստաբանը:

Նրա մեկնաբանմամբ՝ առաջիկայում նմանատիպ վճիռները շատ չեն լինի, որովհետև ՄԻԵԴ որոշումը նախականխման բնույթ ունի:

«Երբ մի խախտում արձանագրվում է, նման պրակտիկան կամ դադարում է, կամ գնում է դեպի նվազեցում: ՄԻԵԴ-ի խնդիրն էլ դա է՝ մեկ որոշումով խախտումներ թույլ տալու պրակտիկան վերացնել: Այնպես որ, ողջ պատասխանատվությունը կրողը պետք է լինի բացառապես պետությունը»,- ամփոփեց փաստաբանը:

Եվ վերջում՝ վիճակագրական մի քանի տվյալ: 2018թ. ՄԻԵԴ քննության է հանձնվել 167 գանգատ, 16-ի վերաբերյալ վճիռ է կայացվել, 72-ը անընդունելի է համարվել, կամ ցուցակից հանվել է: Եվրոպական դատարան ամենից շատ՝ 753 գանգատ ներկայացվել է 2016թ., ամենից քիչը՝ 7՝ 2002թ: Ամենից շատ՝ 16-ական վճիռներ են կայացվել 2012 և 2018 թվականներին: Ինչ վերաբերում է արդար փոխհատուցման գումարներին, ապա ՄԻԵԴ վճիռների իրականացման մասին զեկույցի համաձայն՝ 2018թ. ՄԻԵԴ-ի վճիռների արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցվել է 68 միլիոն 739 հազար 884 եվրո, ինչը գերազանցում է 2017թ. 60 միլիոն 399 հազար 112 եվրո ցուցանիշը: Դիմումատուներն ամենից շատ՝ 8 մլն 245 հազար եվրո արդար փոխհատուցման պահանջ են ներկայացրել 2013թ., սակայն դատարանը փոխհատուցման ենթակա է սահմանել 287 հազար 191 եվրոն:

Նկատենք, որ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդար փոխհատուցման գումարի չափը դեռ չի ընդգրկվել ՄԻԵԴ ամփոփագրում: Այն իր չափի աննախադեպությամբ ռեկորդակիր լինելու հավակնություն ունի:

3017 | 0
Facebook