Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պարո՛ն Մարության, դատի՛ տվեք «Սանիթեքին», մրցույթ հայտարարե՛ք». Հռիփսիմե Առաքելյան

17:15, հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ.
«Պարո՛ն Մարության, դատի՛ տվեք «Սանիթեքին», մրցույթ հայտարարե՛ք». Հռիփսիմե Առաքելյան

«Ես վստահ եմ չեմ, որ խոստացված «Կամազները» լինելու պարագայում անգամ մայրաքաղաքում մաքրություն կապահովվի». MAMUL.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը: Ավագանու անդամի կարծիքով՝ սանմաքրման օպերատոր «Սանիթեք»-քաղաքապետարան անհասկանալի հարաբերություններից, փոխադարձ մեղադրանքներից երևանցին է տուժում:

Հ. Առաքելյանն ասաց, որ չնայած քաղաքապետարանը բազմիցս է հայտարարել, որ սանմաքրման օպերատորը պայմանագրի բազմաթիվ կետեր է խախտել, սակայն այդպես էլ ընկերության դեմ դատական հայց չի ներկայացրել, միայն մի քանի անգամ տուգանել է՝ դրանով ընկերությանն ավելի վատ վիճակում դնելով:

«Երբ ես քաղաքապետարանին հարցրի, թե ինչո՞ւ ընկերության դեմ հայցով չի դիմում դատարան, ի՞նչն է կապում իր ձեռքերը, տարօրինակ պատասխան ստացա՝ եթե իրավական գործընթաց սկսենք, հնարավոր է «Սանիթեքը» սաբոտաժ անի և ընդհանրապես աղբահանություն չիրականացնի: Բայց այդպես չի կարող լինել, որովհետև երբ դատական գործընթացը սկսվում է, միևնույնն է, տվյալ մասնավոր ընկերությունը պետք է իր գործառույթներն իրականացնի մինչև՝ դատական վճիռ: Իսկ դատական վճիռը կարող է հասնել մինչև Վճռաբեկ դատարան»,- նկատեց ավագանու անդամը:

Նա հայտնեց, որ ծանոթացել է պայմանագրին, սակայն ձեռնպահ կմնա իրավաբանական գնահատականներ տալուց:

«Ես կարող եմ պայմանագիրը կարդալ, սակայն գիտելիքներս չբավարարեն իրավաբանական նրբությունները հասկանալու համար: Մասնագիտական նեղ ուսումնասիրություն է հարկավոր: Բայց գիտեմ, որ «Սանիթեքն ասում է, որ պայմանագրով քաղաքապետարանը պետք է իրենց ապահովեր աղբահորերով, աղբավերամշակման հարցը լուծեր, սակայն դա բանավոր պայմանավորվածություն է եղել, գրավոր ամրագրված չէ: Քաղաքապետարանն էլ ասում է, որ ընկերությունն աղբահանությունը չի իրականացրել այն քանակի մեքենաներով, որն ամրագրված էր պայմանագրով»,- նշեց Հ. Առաքելյանը:

Նրա գնահատմամբ՝ «Սանիթեքը» ռեսուրս չունի, ընկերությունն ասում է, որ 17 մեքենա ունի, սակայն իրականում եղածը 16-ից էլ քիչ է:

«Եթե Ստեփանակերտը 24 մեքենայով է ապահովում մաքրությունը, և ամենամաքուր քաղաքներից մեկն է, ինչպե՞ս կարող է Երևանը 16-17 կամ անգամ 30 մեքենայով մաքրություն ապահովել»,- հարցադրեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղարը: «Քաղաքային իշխանություն ջա՛ն, պարո՛ն Մարության, դատի տվեք «Սանիթեքին», մրցու՛յթ հայտարարեք, և թող համայնքային կազմակերպության հետ լինի ևս մեկ մասնավոր օպերատոր»,- հարցի իրական լուծման տարբերակ առաջարկեց Հ. Առաքելյանը:

Հիշեցնենք, որ մրցույթով 2-րդ օպերատորի հայտնվելու ճանապարհն է մատնանշել նաև Երևանի ավագանու մյուս ընդդիմադիր՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ըստ նրա՝ այն, ինչ հիմա անում է քաղաքապետարանը, հարցի համակարգային լուծում չէ:

«ՀՈԱԿ հիմնելը հետքայլ է՝ նախկին սանսեկտորների օրինակով: Քաղաքապետարանը հրշեջի դեր չպետք է ստանձնի»,- ասել էր նա:

Այսպիսով՝ մինչ Երևանի քաղաքապետարանը խոստանում է, որ քաղաքի աղբահանության հարցն օգոստոսին լուծված կլինի, ավագանու անդամները վերապահումներ են հայտնում:

4494 | 1
Facebook