Մխիթարյանը հանդիպել է գյումրեցի երկրպագուի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը: Երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Սարգսյանն այցելել էր Գյումրի, քաղաքի կենտրոնում շրջելիս պատահաբար ականատես էր դարձել մի նկարահանվող ֆիլմի աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի և Մանվելի հետ: Նկարահանման հրապարակից ջերմ զրույցն այնուհետև տեղափոխվել էր մոտակա սրճարան: Ինչպես պարզվել էր, Մանվելը ֆուտբոլ շատ է սիրում և հատկապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ջերմ երկրպագու է: Իմանալով Մխիթարյանի հետ հանդիպելու՝ փոքրիկ Մանվելի վաղեմի ցանկության մասին, նախագահ Արմեն Սարգսյանը խոստացել էր նրան այդպիսի հնարավորություն ընձեռել: Եւ ահա Հանրապետության նախագահի նստավայրում այսօր այդ հանդիպումը կայացել է: «Երբ ես Մանվելին հարցրեցի, թե որն է նրա երազանքը, ասաց՝ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ՝ Հենրիխ Մխիթարյանի նման»,- Մանվելին ու Հենրիխին այսպես է ծանոթացրել նախագահ Սարգսյանը: Մխիթարյանը հանդիպել է գյումրեցի երկրպագուի հետ Ոչ պաշտոնական մթնոլորտում նախագահ Սարգսյանը, Հենրիխ Մխիթարյանը և գյումրեցի փոքրիկ ֆուտբոլասերը զրուցել են ֆուտբոլի ու Մանվելի մանկական հետաքրքրությունների ու նախասիրությունների, երազանքների մասին: «Տեսնո՞ւմ ես՝ ինչ պարզ են մարդկանց երազանքները, կարող են մեկ օրում կատարվել» ,- Մանվելին ասել է նախագահ Սարգսյանը: Մխիթարյանը հանդիպել է գյումրեցի երկրպագուի հետ Հենրիխ Մխիթարյանն իր մակագրությամբ ֆուտբոլի գնդակ է նվիրել գյումրեցի երկրպագուին: Իսկ Հանրապետության նախագահի և անվանի ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկարն ամբողջացրել է գյումրեցի Մանվելի՝ տպավորություններով հարուստ օրը: Մխիթարյանը հանդիպել է գյումրեցի երկրպագուի հետ |