Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ապատեղեկատվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ». Գոռ Աբրահամյան

17:30, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
«Ապատեղեկատվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ Հարություն Մաշադյանի՝ կայազորի դատախազության դատախազի պաշտոնում նշանակման հանգամանքների թեմայի անհարկի շահարկումը, մանիպուլյացիայի առարկա դարձնելն այսպիսի ծավալներ ընդունեց, խոստացված՝ ՀՀ դատախազության վաղվա պարզաբանումը հրապարակում ենք այսօր՝ հաշվի առնելով նաև նման համապարփակ պարզաբանման ակնկալիքը, որ ողջամտորեն արտահայտել են մի քանի ադեկվատ օգտատերեր։ Այդ իմաստով իմ պատին հրապարակում եմ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի կողմից հրապարակված պարզաբանումը։

«Քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի տեղյակ ու անտեղյակ օգտատերեր, չիմացության արդյունքում կամ հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով, ոչ ճշգրիտ ներկայացրին և շահարկման առարկա դարձրին Հարություն Մաշադյանի` դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ ենք համարում լրացուցիչ պարզաբանել հետևյալը. Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։ Հարություն Մաշադյանը ծնվել է 1995-ին։ 2010-ին Հարություն Մաշադյանն ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ 2013-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015-ին։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում: 2017-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ 2017-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան: 2018-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ 2019-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։ Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի տարիքին, նշենք, որ
     2007-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
     1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
     2) տիրապետում է գրական հայերենին»։
     Այսինք տարիքային ցենզ նախատեսված չի եղել: Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018-ի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»:

4737 | 1
Facebook