Ռուսաստանի Կենտրոնական բանկի որոշմամբ «Յունիստրիմ» վճարային համակարգի արժութային գործարքները կես տարով սահմանափակվել են, գրում է РБК-ն՝ հղում անելով Коммерсант-ին:
Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ սահմանափակումները սահմանվել են օգոստոսին տեղի ունեցած անսպասելի ստուգումներից, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվել խոշոր արժույթ փոխանակած հաճախորդների նույնականացման ժամանակ:
«Յունիստրիմ»-ի վարչության նախագահ Կիրիլ Պալչունը պարբերականին հայտնել է, որ սահմանափակումներն անդրադարձել են արժույթի փոխանակման գործարքների վրա, որոնք կապ չունեն դրամական փոխանցումների անցկացման հետ:
Коммерсант-ի տեղեկություններով՝ «Յունիստրիմ»-ի եկամուտների էական մաս են կազմում աշխատավոր ներգաղթյալների գործարքները, որոնք աշխատավարձ են ստանում ռուբլիով և հայրենիք փոխանցում դոլարով, ընդ որում, պարբերականի խոսքով, ԱՊՀ մի շարք երկրներում փոխանակումը դժվարացել է: