Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետը պետք է փաստեր բերի, թե ինչ վտանգ է ներկայացնում աջ ղեկով մեքենան, իսկ «կամիկաձե»-ի համար նախարարը դեռ ներողություն կխնդրի»․ ավարտվեց «Աջ ղեկ»-ի բողոքի ակցիան

16:20, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
«Վարչապետը պետք է փաստեր բերի, թե ինչ վտանգ է ներկայացնում աջ ղեկով մեքենան, իսկ «կամիկաձե»-ի համար նախարարը դեռ ներողություն կխնդրի»․ ավարտվեց «Աջ ղեկ»-ի բողոքի ակցիան

«Վաղն էլ կասեն՝ բենզին պիտի առնես, գազը վտանգավոր ա, կբերեն մի անկապ հիմնավորում, ի՞նչ կարող ես անել․․․»,

«Իմ միակ նպատակն այն է, որ թողնեն ես իմ երկրում ապրեմ` աջ ղեկ կքշեմ, ձախ ղեկ կքշեմ` իմ գործն ա, պայմաններ ստեղծեք վարորդի համար, հետո օրենք փոխեք, կամ եկեք մի օր ձեր ընդունած օրենքով ապրեք, տեսնենք կարո՞ղ եք․․․», «Կամիկաձե նախարա՛ր, միգուցե զբաղվես լուսացույցերո՞վ, մնացած կարևոր հարցերո՞վ․․․»։ Ահա այսպիսի թեժ մթնոլորտում այսօր սկսվեց և ավարտվեց «Աջ ղեկ» նախաձեռնության բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց:

«Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների արգելքի հարցը հուզում է ընդամենը 10 հոգու, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ի շահ իրենց լուծվի այն»,- դիմելով կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանին, ասացին նախաձեռնության անդամները:

Պաշտոնյայի դիտարկմանը, թե որտե՞ղ է բողոքող ստվար զանգվածը, վերջինները պատասխանեցին, որ իրենք խոսում ենք այն զանգվածի անունից, ովքեր վրդովված են այս նախագծից: «Մենք ուզում ենք նորից բանակցել ձեր կառավարության հետ և հենց այդ նպատակով էլ եկել ենք: Ուզում ենք հասկանալ` ինչո՞ւ եք արգելում աջ ղեկով մեքենաների ներմուծումը»:

Ա․ Ղազարյանն ասաց, որ բարձրացված հարցերին արդեն իրենք պատասխանել են` խորհուրդ տալով դրանց ծանոթանալ նախարարության կայքում: «Մենք վերամշակել ենք, նախագծերը կայքում դրված են: Մենք նորից կարող ենք քննարկել ձեր առաջարկները, բայց ոչ այս կոնտեքստով` ծառի տակ»,- ասաց նա` հավելելով, որ եթե ուզում են, կարող են վաղը հանդիպել և քննարկել բոլոր հարցերը:

Վարորդները նշեցին, որ կայքում տեղադրված պատասխանը բավարար չէ, ավելին` հիմնավարված էլ չէ: «Եթե հիմնավորումն անվտանգությունն է, ապա ես խորապես համոզված եմ, որ դա այդպես չէ: Եթե ես համապատասխան հիմնավորումը տեսնեի ՃՏՊ-ների քանակով, ապա այստեղ չէի լինի, նույնիսկ վիճակագրություն չկա»,- ասաց ցուցարարներից մեկը` հակադարձելով, որ այս բողոքի ակցիայով իրենք բարձրաձայնում են իրենց հուզող խնդրի մասին: «Մենք դիմեցինք այս քայլին ոչ թե նրա համար, որ չենք կարող ձեզ հանդիպել կամ մեր գիտելիքները չեն հերիքում ձեզ հետ խոսելու համար, այլ նրա համար, որովհետև մեր հարցերի վերաբերյալ ձեր պատասխանները բավարար չեն: Շատ հարցեր հակասահմանադրական են, որոնց շուրջ պետք է բանակցել»,- ասացին հավաքվածները:

«Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելք չպիտի լինի, եթե եղավ, ապա գոնե որոշակի մեխանիզմներ պիտի մշակվեն ներմուծողների համար: «Աջ ղեկ»-ը գնալու է ներքին քննարկումների, որից հետո կգնանք բանակցությունների»,- հայտարարեց շարժման համակարգող անդամ Գևորգ Աճեմյանը` նշելով, որ իրենք պետք է վարչապետին ստիպեն բերի փաստեր, թե ինչ վտանգ է ներկայցանում աջակողմյան ղեկով երթևեկությունը: «Իսկ այդ «կամիկաձե»-ի համար, նախարարը դեռ ներողություն կխնդրի... Վարորդներին և նրանց ընտանիքներին «կամիկաձե» անվանող և այդպիսի վարքագիծ ցույց տվող նախարարներն իրավունք չունեն կառավարությունում աշխատելու»,- ասաց նա:

Հիշեցնենք` Տրանսպորտի նախարարությունում աջակողմյան ավտոմեքենաների արգելքի քննարկման ժամանակ վարորդներից մեկը նախարարին առաջարկեց նստել իր կողքին ու համոզվել, որ վտանգ չի ներկայացնում աջ ղեկային համակարգ ունեցող մեքենան, սակայն նախարարը կտրուկ արձագանքեց. «Ձեր կողքին ես չեմ նստի, ես կամիկաձե չեմ»:

Նշենք, որ 2018թ. ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը։

4985 | 1
Facebook