ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միգրացիոն վիզային վիճակախաղով ԱՄՆ հասած մարդկանց իրենց հանրության շրջանում «վատերից վատ» ներկայացուցիչներ է անվանել և կոչ արել չեղարկել այդ մեխանիզմը:
Համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Վիրջինիա նահանգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ազգային ակադեմիայում:
«Կա վիճակախաղ: Դուք ընտրում եք մարդկանց: Կարծում եք, որ լավագույն մարդի՞կ են գալիս: Ո՛չ: Նրանք մեզ իրենց վատագույն մարդկանց են տալիս, նրանց աղբի նման նետում են մեզ»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ վարչակազմը Կոնգրեսին կոչ է անում վերջ տալ «շղթայական ներգաղթին», ինչպես նաև դադարեցնել վիզային վիճակախաղը:
Այդ կապակցությամբ Թրամփը հիշեցրել է Նյու Յորքի 2 ահաբեկչությունների և ահաբեկիչների մասին, ովքեր, նրա խոսքով ԱՄՆ են եկել շնորհիվ գործող միգրացիոն քաղաքականության:
Նմանատիպ հայտարարությամբ Թրամփը հանդես էր եկել նաև նոյեմբերին՝ Մանհեթենում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: