Այսօր առավոտյան մահացել է ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում
գրել է լրագրող Վահե Ավանեսյանը: «Թաղեք ինձ իմ ծնողների կողքին»,- սա է եղել բարերարի վերջին ցանկությունը:
Լևոն Հայրապետյանը 68 տարեկան էր:
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ստեղծման և կայացման գործում:
Հիշեցնենք, որ Լ.Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:
Նրա փաստաբանը բազմիցս դիմել էր ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լևոն Հայրապետյանի արտահանձնման հարցը:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու համար: Ըստ քննության՝ Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա, ինչի արդյունքում Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար:
Հայրապետյանը ձերբակալվել է 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։
Բանտում գտնվելու ժամանակահատվածում Լևոն Հայրապետյանը առողջական ծանր խնդիրներ ուներ: